Նյուրնբերգում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է կայացել
ОбществоԳերմանիայի Նյուրնբերգ քաղաքում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում նշվել են նաև Նյուրնբերգի հայ համայնքի ձևավորման 35-ամյակը և Գերմանահայ բժիշկների միության 25-ամյակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Նյուրնբերգից ընտրված Բունդեսթագի պատգամավոր Գաբրիելա Հայնրիխն ու Գերմանահայ բժիշկների միության նախագահ դոկտոր Մարգարիտա Ասոյան-Լինքը, ով նաև Նյուրնբերգի հայ համայնքի ղեկավարն է:
Շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ դեսպանը նշել է, որ բարձր է գնահատում համայնքի դերը հայ-գերմանական հարաբերությունների սերտացման, ինչպես նաև հայ մշակույթն ու ավանդույթները գերմանական հասարակությանը ներկայացնելու գործում:
Միջոցառմանը ներկա էին նաև Բունդեսթագի և Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Կատարումներով հանդես են եկել Նյուրնբերգի օպերայի մենակատարներ Հրաչուհի Բասենցը, Սուրեն Մանուկյանն ու Գոռ Հարությունյանը` ներկայացնելով հայ և եվրոպացի դասականների ստեղծագործություններ:
Միջոցառման շրջանակներում դեսպան Սմբատյանը երգչուհի Հրաչուհի Բասենցին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: