12 կետերն այլևս քաղաքական ուժերի օրակարգը չէ, ժողովրդինն է. Տիգրան Ուրիխանյան
Ի պատասխան Ուրիխանյանի հարցի` հանրահավաքի մասնակից հասարակության ստվար զանգվածը գոռաց. «Իշխանափոխություն»: Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի 12 պահանջները հետևյալն էին.
1. Վերացնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, հետ վերադարձնել աշխատավարձից պահված գումարները, նոր համակարգը ձևավորել կամավոր սկզբունքով: 2. Վերանայել տեսանկարահանող , լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 %-ի, սահմանված տուգանքների առավելագույն չափերը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը: 3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիներին փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը վերացնել, հանել սահմանի վրա ԱԱՀ գանձումը: 4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրերի համար տրամադրվող վարկերի սուբսիդիան: 5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ» -ի վերագործարկման ծրագիրը, վերադարձնել աշխատավարձերը: 7. Բացառել «Որոտան» ՀԷկ-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի համաձայնության: 8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել ուղևորափոխադրումների գնի բարձրացումը: 9. Ընդունել տնտեսական մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Ընտրական օրենսգրքում անցկացնել փոփոխություններ, մյուս տարիներին ընտրություններն անցկացնել 100% համամասնականով և հրապարակել ընտրողների ցուցակները: 11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը: 12. Չստորագրել որևէ համաձայնագիր, որով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կլինի անցակետ: