Ժամանակից շուտ աղմուկն անտեղի է
АналитикаՆոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններից հետո հետընտրական կրքերը կարծես չեն հանդարտվում: Խնդիրն այն է, որ համայնքների խոշորացումից հետո Նոյեմբերյանին միացած սահմանամերձ Բարեկամավան, Ոսկեպար, Բերդավան և Ջուջևան գյուղերում Նոյեմբերյանի նորընտիր ղեկավար Կարեն Աբազյանն իր լիազոր ներկայացուցիչներին է նշանակել, այլ ոչ թե նախկին գյուղապետերին, իսկ Բաղանիս, Ոսկեվան, Դովեղ, Կոթի գյուղերի նախկին գյուղապետերը, համայնքի ղեկավարի որոշման համաձայն, նշանակվել են այդ գյուղերում՝ որպես Նոյեմբերյան համայնքի լիազոր ներկայացուցիչներ:
Կարեն Աբազյանի այս որոշումն առաջացրել է չնշանակված գյուղապետերի զայրույթը, քանի որ ավելի վաղ սահմանամերձ Ոսկեպարում կայացած հանդիպման ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը բոլոր նախկին գյուղապետերին վստահեցրել էր, որ Նոյեմբերյան համայնքին միացած գյուղերի նախկին գյուղապետերը կվերանշանակվեն համայնքի ղեկավարի ներկայացուցչի պաշտոնում, սակայն ստացվել է այնպես, որ համայնքի ղեկավարը վերոնշյալ գյուղերի հարցում այլ որոշում է կայացրել:
Խնդիրն այն է, որ հին գվարդիայի ներկայացուցիչները երկար տարիներ է՝ ղեկավարում են այդ համայնքները, սակայն բոլորին է հայտնի, որ իրենց պաշտոնավարման ընթացքում վերջիններս կարողացել են ընդամենը նեղ անձնական հարցեր լուծել, ավելին, դա նրանց կա՛մ չի հաջողվել, կա՛մ էլ չեն ցանկացել: Անշուշտ, այդ մասին գիտեն բոլորը, ու թեև տեղի բնակիչները լռում են և առանձնապես չեն բարձրաձայնում այդ մասին, սակայն գիտեն, թե ինչպես է իրենց սահմանամերձ համայնքը «զարգացել» նախկին գյուղապետերի օրոք:
Հավանաբար, դա է եղել պատճառը, որ Լոքյանի հավաստիացումները, թե բոլոր նախկին գյուղապետերը կշարունակեն պաշտոնավարել, միանշանակ և անվերապահորեն չի իրականացրել նորընտիր համայնքապետը: Մյուս կողմից՝ Կարեն Աբազյանն այլ լիազոր ներկայացուցիչներ նշանակելով գուցե փորձել է ցույց տալ, որ հավերժ ղեկավարներ չկան և չեն էլ կարող լինել: Բացի այդ՝ այս նշանակմամբ պարզ է դառնում, որ վաղուց ժամանակն է սերնդափոխություն կատարել, ինչը գուցե ավելի իրատեսական կդարձնի համայնքի ղեկավարի նախընտրական ծրագրերը նոր ու թարմ ուժերով իրականացնելու համար:
Ինչ վերաբերում էքննադատություններին, թե համայնքների նորանշանակ լիազոր ներկայացուցիչները երիտասարդ են և չեն կարող իրենց առջև դրված խնդիրները լիարժեք կերպով իրականացնել, նշենք, որ անիմաստ է ժամանակից շուտ եզրակացություններ անել: Դրա փոխարեն հարկավոր է թույլ տալ, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները և հետո արժանանան քննադատությունների:
Այնպես որ, ժամանակից շուտ աղմուկ բարձրացնելը, թե Լոքյանը չկատարեց իր խոստումը, ոչ միայն լուրջ չէ, այլև անտեղի է, քանի որ համայնքի ղեկավարը, ով տեղի բնակիչ է և հինգ մատի պես գիտի տեղի խնդիրները, գուցե ավելի լավ է պատկերացնում, թե ցանկալի արդյունքի հասնելու համար ում հետ ինչ ճանապարհով պետք է «քայլել»:
Արմինե Գրիգորյան