Սարի թաղի բռնությունների դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ
ОбществоՍարի թաղի բռնությունների դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, ձեռնարկվում են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու ուղղությամբ։ ՀՔԾ պետի տեղակալը, սակայն, որեւէ տվյալ չի նշել՝ պատճառաբանելով, որ քրգործի քննության նյութերը կարող են հրապարակվել միայն գործը քննող քննիչի թույլտվությամբ։
Լրագրողները Հովհաննիսյանին հարցրին, թե որքանով ՝ նորմալ, որ ՀՔԾ-ն հրապարակում է տվյալներ, ըստ որոնց` ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ոստիկանների մահվան մասով բացահայտումներ են եղել, եւ հայտնի են ոստիկաններին սպանած անձինք, սակայն նրանց անունները չեն հրապարակվում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հրապարակման նյութի շրջանակը որոշում է կոնկրետ քննիչը»:
Դիտարկմանը, թե դեպքերից ամիսներ անց համացանցում տեղեկություններ են տարածվել Սարի թաղի դեպքերին ոստիկանապետի թիկնազորի, փոխոստիկանապետ Լյով Երանոսյանի ակտիվ մասնակցության եւ կատարած ապօրինությունների մասին, ՀՔԾ պետի տեղակալը պատասխանել է, որ իրենց կառույցը բացարձակ կախվածության մեջ չէ «վերեւներից»:
Ըստ նրա` 7 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր են անջատվել ու ուղարկվել դատարան, նրանցից 4-ը կամ 5-ը կալանավորված վիճակում են ուղարկվել, եւ նախաքննությունը շարունակվում է: Վլադիմիր Հովհաննիսյանը անպատասխան է թողել հարցը, թե ինչու բարձրաստիճան ոստիկանները չեն կանչվում հարցաքննության։