Երևանի քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում հին շենքերում վերելակների խնդիրը վերացնելու ուղղությամբ
ОбществоԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն անդրադարձել է Երևանում հին բազմաբնակարան շենքերի վերելակների խնդիրներին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանն ասաց, որ վերելակային տնտեսությունը «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքով դրա մեջ տեղավորված բաժնային սեփականություն է:
«Մենք նոր օրենք ենք նախաձեռնել, որը գրեթե պատրաստ է:
Օրենքում դրել ենք պարտադիր վճարի գաղափարը, որպեսզի ապահովված լինի շահագործման և պահպանման համար վճարի գանձումը»,- նշեց Արեյանը՝ ընդգծելով, որ ներդրողի համար առաջին հերթին նման երաշխիքներ են պետք:
Երևանի փոխքաղաքապետը հավելեց, որ մինչ այդ Երևանի քաղաքապետարանն ակտիվ բանակցություններ է վարում տարբեր կառույցների հետ՝ վերելակային տնտեսության թարմացման հարցով: «Վերելակների խնդիրն էլ մեզ համար իսկապես լուրջ է ու մտահոգիչ: Իհարկե, մշտապես իրականացվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, սարքավորումներ են փոխվում: Ամենօրյա հսկողություն կա, սակայն համակարգը մաշված է: Վերելակը կարևոր փոխադրամիջոց է, մենք գործ ունենք մարդկային կյանքի հետ, և պիտի իրականացնենք աշխատանքներ, որպեսզի կարգավորենք այս խնդիրը»,- ասաց նա:
Արեյանի խոսքով՝ Երևանում նորակառույց բազմաֆունկցիոնալ շենքերում տեղադրվում են ժամանակակից վերելակներ: «4651 վերելակ կա հաշվեգրված մայրաքաղաքում: Մենք ունենք 5000 բազմաբնակարան շենք, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Մնացած բոլոր շենքերը նոր են և ապահովված են ժամանակակից վերելակներով»,- ընդգծեց Կամո Արեյանը: