Միասնական ընդդիմության առասպելը
Аналитика2017-ին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտում կրկին սկիզբ են առնում խոսակցությունները միասնական ընդդիմության մասին։ Ընդդիմության միավորվելու և միասնական ճակատով հանդես գալու հայտարարություններն ուղեկցել են վերջին տասնամյակների գրեթե բոլոր ընտրություններին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու մասին հայտարարեց ՀԱԿ-ը։ Մինչ այս «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է մեկ ընդդիմության անհրաժեշտության մասին, որը, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց մյուս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների կողմից։ Ներկայումս արդեն «Քաղաքացիական պայմանագիրը» հատկապես կուսակցության արտահերթ համաժողովից հետո փոքր-ինչ մեղմացրել է իր դիրքորոշումը և հանդես է գալիս կրկին ընդդիմության միասնական ճակատ ձևավորելու դիրքերից։
Սակայն, որպես կանոն, ընդդիմադիրների կողմից միասանական ճակատի անհրաժեշտության մասին խոսակցություններն առավելապես եղել են ընտրություններից հետո սեփական ձախողումները արդարացնելու գործիքներ, քանի որ գրեթե բոլոր ընտրություններից հետո ընդդիմադիրները հայտարարում են, որ պարտությունը չմիավորվելու հետևանք է։ Իհարկե, նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ այդ միավորումը պետք է տեղի ունենար հենց իր առանցքի շուրջ։ Սա, անշուշտ, արդեն իսկ ցույց է տվել, որ մեր ընդդիմադիրների գլխավոր նպատակը եղել է ոչ թե գլոբալ իշխանափոխությունը, այլ զուտ հավակնոտ քաղաքական գործունեությունը, որից որևէ դաշինք կամ ճակատ չէր կարող ծնվել։
Սրան զուգահեռ, մի շարք դեպքերում մի քանի ընդդիմադիր կուսակցություն պարզապես միավորվել է Ազգային ժողովում հայտնվելու համար՝ առանց ավելի մեծ խնդիրներ դնելու։ Մոտավորապես այս նույն սցենարը գործեց անցած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքի պարագայում, որտեղ ակնհայտ էր, որ ֆինանսավորումն ապահովում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ վարկանիշը՝ «Ժառանգությունը», որն այն ժամանակ դեռևս ուներ վարկանիշ։ Սա բավական ընդունված պրակտիկա է։ Հենց այս ֆոնին էլ, երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ հանդես են գալիս միասնական ընդդիմություն ձևավորելու և իշխանափոխության հայտրարություններով, սակայն բացարձակ պատրաստ չեն կես քայլ զիջել սեփական հավակնություններից, հասկանալի է, այդ հայտարարությունները զուտ տրաֆարետային բնույթ են կրում։
Մյուս կողմից՝ մեր իրականության մեջ միասնական ընդդիմության ձևավորման հնարավորությունները չափազանց նվազում են մի շարք պատճառներով։ Խնդիրն այն է, որ հայաստանյան քաղաքական դաշտում շատ դժվար է կողմնորոշվել, թե որ կուսակցությունն է ընդդիմադիր, իսկ որը՝ իշխանության «ընդդիմադիր արբանյակը»։ Սա նաև այն բանի հետևանք է, որ բազմաթիվ կուսակցությունների ու այսպես կոչված քաղաքական գործիչների համար ընդամենը իշխանության հետ առևտրի ու առուծախի միջավայր է, որը բացարձակապես չի տեղավորվում քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ և ընդամենը իշխանությանը վաճառվելու կամ ավելի թանկ վաճառվելու մի գործընթաց է դառնում։
Նման պայմաններում իրական ու կեղծ ընդդիմադիրների բոլոր կոչերը ընդամենը պոպուլիստական հայտարարություններ են, որոնք գործնական ոչինչ չեն ենթադրում։ Այս իրավիճակում ընդդիմադիր կուսակցությունները կունենա՞ն ներուժ հանուն միասնական ընդդիմության սեփական հավակնություններից հրաժարվելու համար, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Համենայնդեպս, ներկայումս նման հեռանկարը չափազանց աղոտ է։
Pressmedia.am վերլուծաբան