Սոցիալապես անապահով խավերին տրվող գազի սակագինը՝ 100 դրամ
ЭкономикаՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ մակրովերլուծության արդյունքում երևում է, որ կնվազի ինչպես սոցիալապես անապահով խավերին տրվող գազի սակագինը, այնպես էլ հասարակության մյուս խավերի սպառած գազի սակագինը: Ըստ այդմ՝ մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար 1 խորանարդ մետրի դիմաց ներկայիս 146,7 դրամի փոխարեն սովորական սպառողը կվճարի 139 դրամ, իսկ 10 հազար խորանարդ մետրից ավել սպառող բաժանորդների համար գազի սակագինը 257,6-ից կդառնա 242 դրամ, իսկ սոցիալապես անապահով խավերին տրվող գազի սակագինը կսահմանվի 100 դրամ:
Նազարյանը տեղեկացրել է, որ մի քանի ամիս առաջ են կատարվել հաշվարկները, ուստի լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա, բայց քանի որ օրենքը թույլ չի տալիս թանկացումից 6 ամսից շուտ նոր սակագին հաստատել, ուստի հանձնաժողովի որոշումը օրենքի ուժ ստանա միայն հունվարի 1-ից: Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի մասին՝ նա նշել է, որ այն նույնպես կնվազի, սակայն դեռ հայտնի չէ, թե որքան։
Ստացվում է, որ վերջին թանկացումից առաջ էլ պարզ էր, որ կարելի էր չավելացնել գազի սակագինը, բայց զարմանալիորեն այդ ժամանակ նույն Նազարյանը բոլորովին այլ մեկնաբանություններ էր ներկայացնում հասարակությանը՝ վստահեցնելով, որ առանց գազի սակագնի թանկացման ընկերությունը չի կարող իր գործունեությունն իրականացնել և լուրջ վնասներ կկրի:
Դե ինչ, տեսնենք, թե իրականում սովորական սպառողը, ով ներառված չէ այս կամ այն սոցիալական խմբում, որքան կշահի, բայց որ սոցիալապես անապահովների ցանկում պետք է ներառվեն նաև աշխատանք ունեցող աղքատները, միանշանակ է: Ի դեպ, Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կան աշխատանք ունեցողներ, ովքեր նույնպես պետք է ներառվեն սոցիալապես անապահով խավի ցանկում, քանի որ նրանցից մեծ մասի աշխատավարձն այնքան է, որ ձմռան ամիսներին չի բավարարում անգամ կոմունալ վարձերը վճարելուն, էլ չենք ասում՝ նվազագույն սպառողական զամբյուղի և հարակից այլ ծախսեր կատարելու մասին:
Արմինե Գրիգորյան