Նախագահը հանձնարարել է արագաչափերի և տեսախցիկների ֆինանսական հոսքերը փոխանցել պետական և համայնքային կառույցների տնօրինմանը
ОбществоՀայաստանի Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույ թները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:
Նախագահ Սարգսյանի հանձնարարականն ու առաջարկը հնչել է ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես, խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԱ ոստիկանության պետը զեկուցել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ հետ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակի մասին, իսկ Երևանի քաղաքապետը ներկայացրել է «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ տարվող վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների ընթացիկ վիճակը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցել է վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրների և գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցումն ապահովելու համար քաղաքացիներին անվճար տեղեկացման մեխանիզմների ներդրման ընթացքի մասին: Սերժ Սարգսյանը հանձնարարել է քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջա րկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
Մինչև տարեվերջ ձեռնամուխ լինել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանը ու ընդունմանը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ: