Հայաստանում աշխատանքներ են տարվում տնտեսական դիվանագիտության զարգացման ուղղությամբ
ЭкономикаՀՀ արտգործնախարարությունում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ նոյեմբերի 1-2-ն անցկացվել է «Տնտեսական դիվանագիտություն» խորագրով սեմինար-քննարկում:
ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ թեման բավականին արդիական է, եւ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել խնդիրները:
«ԱԳՆ-ն փորձում է իր դիվանագիտական ներկայացուցչությունների, դեսպանատների միջոցով անհամեմատ մեծացնել տնտեսական բաղադրիչը: Քննարկումները հիմնականում ուղղված են նրան, որ նաեւ կարողանանք Համաշխարհային բանկի մեր գործընկերների կողմից լսել միջազգային փորձն այս ոլորտում, քննարկել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ համակարգը, ինչ ենք հասկանում՝ ասելով տնտեսական դիվանագիտություն Հայաստանում, եւ ինչպես պետք է այդ դաշտում գործող կառույցները եւ նախարարությունները համագործակցեն ավե լի մեծ արդյունքի հասնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարարը:
Ռոբերտ Հարությունյանի համոզմամբ՝ աշխատանքների կազմակերպումը պահանջում է լուրջ մոտեցում:
«Սեմինարի շրջանակում քննարկում ենք ունեցել այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն մեր գործընկերները Արտգործնախարարությունից, ինչ խնդիրներ պետք է դրվեն դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ, ինչ մարտահրավերներ կան այդ տեսանկյունից:
Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, այն է, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները հստակ պատկերացում կազմեն այն երկրի տնտեսության, շուկայի մասին, որտեղ գտնվում են, նաեւ որոշակի տեղեկատվություն ընկերությունների մասին, որոնք կարող են դառնալ մեզ համար հնարավոր ներդրողներ:
Կարեւոր քայլ է ոլորտային մոտեցման որդեգրումը, այսինքն՝ դեսպանատներին առաջարկենք, որ այդ ոլորտներում համապատասխան միջազգային կամ տնտեսական հարաբերություններ որդեգրեն կոնկրետ ընկերությունների հետ»,-եզրափակեց փոխնախարարը՝ նշելով, որ Զարգացման հիմնադրամը եւս աշխատանքներ է տանելու ներդրումային գաղափարներ մշակելու ուղղությամբ: