Մեզ ոչ թե նոր օրենք է պետք, այլ՝ պայմաններ, որ օրենքը գործի
АналитикаԱյսօր վարչապետը հանձնարարել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին օրենք գրել ապօրինի հարստացողների դեմ պայքարելու համար:
Նախ՝ սկսենք նրանից, որ եթե երկրում օրենքը գործեր, ո՛չ ապօրինի հարստացողներ կլինեին, ո՛չ էլ օրինախախտ պաշտոնյաներ, քանի որ մարդիկ ապօրինի կերպով հարստանում են, երբ «ստանում են» արտոնյալի կարգավիճակ:
Դրանից հետո ստացվում է այնպես, որ որոշ «ընտրյալ» անհատների ամեն ինչ թույլատրվում է, նրանք մշտապես կարող են օգտվել բոլոր տեսակի ապօրինությունների համար նախատեսված «կանաչ լույսի» առավելությունից, իսկ մյուսներին՝ հասարակ մարդկանց, արգելվում է անգամ նորմալ ապրել:
«Ընտրյալ» լինելու, այսինքն՝ կանաչ լույսի իրավունքից օգտվելու համար պարտադիր կա՛մ պետք է վերևների հետ խնամի, ծանոթ, բարեկամ հարաբերություններ լինեն, կա՛մ էլ նրանց շահերը սպասարկող նազիր-վեզիրների հետ սերտ կապեր ունենան: Եվ դա արդեն բավարար է, որ կարճ ժամանակում նրանք և՛ ապօրինի հարստանան, և՛ բյուջեի լվացումների հաշվին հաջողակ գործարարի համբավ ձեռք բերեն և շատ արագ նստեն ժողովրդի ու երկրի շալակին:
Այդ «արտոնյալներն» այս ընթացքում այնքան են աճել, որ նրանց դեպքում ոչ միայն օրենքները չեն գործում, այլև հարկ եկած դեպքում անգամ իրենց «հագով» կարողանում են օրենք պատվիրել, որպեսզի ապօրինի հարստացման գործընթացն «օրինականացվի» և կողքից շարունակեն ապօրինաբար հարստանալու գործը: Թե ինչպես պետք է նոր օրենքը պայքարի ապօրինի հարստացողների դեմ, պարզ չէ, բայց պարզ է, որ դա պետք է լինի օրենք՝ երկրում գործող օրենքների գործելու մասին: Աբսուրդ է, չէ՞ օրենք՝ օրենքը կիրառելու մասին:
Բայց արի ու տես, որ մեր նոր իշխանությունները ոչ թե գնում են իրերն իրենց անուններով կոչելու ու այս ընթացքում մեծացած շնաձկներին գլխից բռնելու ճանապարհով, այլ որոշում են մի նոր օրենք գրել, որը կստիպի, որ եղած օրենքներն աշխատեն: Տպավորությունն այնպիսին է, որ ներկայիս իշխանությունները որոշել են այնպիսի ստերիլ միջավայր ստեղծել շնաձկներին գլխից բռնելու համար, որ իրենք հանկարծ չկեղտոտվեն, հակառակ դեպքում նման օրենքի պատվեր չէին տա:
Արմինե Գրիգորյան