Էվելինա Շահիրյանը նշեց ծննդյան հոբելյանը
КультураԿինոյի և թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գեղեցիկ միջոցառում անցկացվեց: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, դերասանուհու գործընկերները, երկրպագուները, հարազատները և պետական այրեր:
«Ընտրեցի ռեժիսորի մասնագիտությունը, որպեսզի կարողանամ իմ ֆիլմում նկարահանել սիրելի դերասանուհի Էվելինա Շահիրյանին. ափսոս՝ չհաջողվեց: Մեծ դերասանուհի, ով հույս է ներշնչում դեպի ապագան»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Թատերարվեստում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը դերասանուհուն պարգևատրեց Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
Երևանի քաղաքապետի որոշմամբ դերասանուհու ծննդյան և թատերարվեստում ունեցած ավանդի համար նա պարգևատրվեց Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով:
«Հպարտ եմ, որ Երևանում այսօրինակ կանացիությամբ կինը շարունակում է ոգևորել բոլորիս»,-ընդգծեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
«1980 թվականից Է վելինայի հետ խաղում ենք նույն բեմում. բոլորս փոխվում ենք, իսկ նա մնում է նույն հմայիչ, գեղեցիկ դերասանուհին: Շնորհավորանքներս և համբույրներս»,-ասաց դերասան Արթուր Ութմազյանը:
Դերասան Արմեն Մարությանի խոսքով՝ չնայած իրենք նույն թատրոնում չեն աշխատել, միասին հանդես են եկել տարբեր հաղորդումներում, ֆիլմերում:
«Էվելինան այն նվիրյալներից է, ովքեր կարողացան ստեղծել այս հիանալի թատերական անկյունը: Նա նախկինում գեղեցկուհի էր և շարունակում է այդպիսին մնալ»,-ասաց դերասանը:
Բացահայտելով իր գեղեցկության գաղտնիքը՝ հմայիչ և կանացի դերասանուհի Էվելինա Շահիրյանը խոստովանեց, որ ուրախանում է ամեն բացվող օր, սրտում միայն բարություն է:
Երեկոյին համերգային կատարումներով հանդես եկան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը. բեմում էին նաև դերասանուհու թոռները և ծոռները:
Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 սիրված դերեր ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում,խաղացել է 150 պիեսում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում՝ «Կտոր մը երկինք»,«Կարինե», «Մորգանի խնամին»…