Երևանը և Նովոսիբիրսկը սերտացնում են երկկողմ հարաբերությունները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը հանդիսավոր պայմաններում ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, համաձայն որի' կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրված համաձայնագրով' քաղաքների միջև կիրականացվի փորձի և տեղեկատվության փոխանակում բոլոր այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն:
Նաև կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը համոզմունք են հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում ամրագրված պարտավորությունների մասով, կարճ ժամանակ անց, կողմերը կունենան առարկայական զարգացումներ: