Ռոբերտ Նազարյանը խնդրում է իրեն տալ 15-20 օր ժամանակ
ЭкономикаԱյսօր խորհրդարանում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողներին հայտնեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը եւ հակված է այն իջեցնել:
«Մեզ համար ակնհայտ է, որ եթե ջերմային կայանների համար գազի գինը 1000 խորանարդի համար սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, ապա սակագների վերանայման եւ համապատասխան գնահատականի կարիք կա` գոնե այս գործոնով»,- ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով, թե էլեկտրաէներգիայի սակագինը, ի վերջո, քանի դրամով կնվազի։
Նա պարզապես պատճառաբանեց, որ սակագնի իջեցման բաղադրիչներ կան. «Պետք է հստակեցվեն էլեկտրաէներգիա արտադրող տարբեր կայանների սակագները եւ առկա ներդրումները:
Մեր որոշումը կկայացնենք ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը: Ես խնդրում եմ, որ տաք մեզ 15-20 օր, որպեսզի ընկերություններից ստանանք նաեւ նրանց խնդիրները. մենք նոր ենք սկսել այս գործընթացը: Գիտեք նաեւ, որ այս տարի վարչապետը հանձնարարել է նոր սպառողական խումբ ունենալ՝ սոցիալապես անապահով խումբ, իսկ նրանց համար սակագինն ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը: Սա էլ կհաշվենք եւ նոյեմբերի վերջին վերջնական կունենանք գազի սակագինը, որը կգործի հունվարի 1-ից, մինչեւ դեկտեմբերի վերջը կունենանք էլեկտրաէներգիայի սակագինը, որը կգործի փետրվարի 1-ից»,- ասաց նա:
Արձագանքելով դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ գազի սակագնի իջեցման սուբսիդավորումը չի լինելու պետբյուջեի հաշվին, իսկ ինքը հայտարարել է, որ պետք է համապատասխան ֆինանսավորման աղբյուր, Նազարյանը նշեց.
«Առաջին` Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի նվազումը, այս նվազեցման հաշվին որքան գումար կգանձվի, կուղղվի այս խնդրին: Երկրորդ` արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին եւ սոցիալապես անապահով խավերին, ենթադրում են, որ սպառումը կավելանա, որի հասույթը կհամարվի ֆինանսավորման աղբյուր: Երրորդ` «Գազպրոմ Արմենիան» նախկինում ունեցել է մեծ ֆինանսական պարտավորություններ, իսկ այսօր այդ պարտավորությունների մեծ մասը վերացել է: Չորրորդ` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստանում է, որ եթե բոլոր 3 ռիսկերը չբավարարեն, ապա սուբսիդավորման մյուս մասը կվերցնի իր վրա»։