ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Հովհաննես Հարությունյանին
ОбществоՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամներ Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին և Թամարա Հարությունյանին, լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Նրանք իրենց մտահոգությունն են հայտնում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող, հրազենային վնասվածք ստացած Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանգամանորեն լսելով նախաձեռնության անդամներին` փոխնախարարը հավաստիացրեց, որ հիվանդի կյանքին վտագ չի սպառնում:
Վահան Պողոսյանի խոսքով` երկրի առողջապահական ենթակառուցվածքները, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած հանրահավաքների ու հաջորդող իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին մշտապես ցուցաբերել են մասնագիտական աջակցություն և այդ օրերին աշխատել բարձր պատրաստվածության պայմաններում:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետին հանձնարարեց անմիջապես կազմակերպել մասնագետի գործուղում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` տեղում պարզելու Հ. Հարությունյանի վիճակը:
Այնուհետև` կազմակերպել կոնսիլիում, որում կներառվի նաև «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության կողմից առաջադրված բժիշկ: Կոնսիլիումի և անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում կընտրվի բու ժման առավելագույնս արդյունավետ մոտեցումը:
Հ.Գ. ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանն արդեն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հովհաննես Հարությունյանին և անհրաժեշտ խորհրդատվություն իրականացրել: Նշանակվել է մագնիսառեզոնանսային շերտագրում, որը կիրականացվի վաղն իսկ: Մագնիսառեզոնանսային շերտագրման արդյունքների հիման վրա կգումարվի կոնսիլիում և կընտրվի բուժման մոտեցումը»: