Եղվարդում կատարված ավազակային հարձակման դեպքով հարցաքննվել են մոտ մեկ տասնյակ անձինք. ՔԿ
ОбществоԵղվարդում նոյեմբերի 8-ին ավազակային հարձակում կատարելու դեպքով հարցաքննվել են մոտ մեկ տասնյակ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եղվարդ քաղաքի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 03-ի սահմանում, 3-4 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Եղվարդ քաղաքի բնակիչ Արա Ստեփանյանի բնակարան, մահակներով, որպես զենք օգտագործվող առարկաներով եւ որսորդական հրացանով վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Հափշտակելով Արա Ստեփանյանի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաեւ՝ «iphone 6» եւ «SAMSUNG» մոդելի բջջային հեռախոսները՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ 2016թ. նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով՝ Ավազակություն:
Նույն օրը Նաիրիի քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մոտ մեկ տասնյակ անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել դատաբժշկական, դատամատնադրոշմային եւ դատահետքաբանական փորձաքննություններ:
Արամ Ստեփանյանը ճանաչվել է տուժող:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ առերեւույթ հանցագործության կատարած հանձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։