Հայաստանյան և եվրոպական համալսարանների կրթական առանձնահատկությունները
ОбществоՀովհաննես Դաշտոյանը, ով Հայաստանում մասնագիտացել է Պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետի Էլեկտրոնիկայի և նանոտեխնոլոգիաների բնագավառում, իր ուսումը շարունակել է արտերկրում և ամիսներ անց` ուսումն ավարտելուց հետո, վերադարձել է Երևան:
-Ինչո՞ւ եք ընտրել հենց «Միկրոէլեկտրոնիկա և նանոտեխնոլոգիաներ» մասնագիտությունը.
-Ընտրությանս հարցում դեր է խաղացել ոչ միայն այն, որ մասնագիտությունս ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ամենագլխավոր շարժիչ բնագավառներից է, որում ներառված են թե´ ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, և թե´ նախագծումն ու պատրաստման տեխնոլոգիաները, այլ նաև այն, որ այդ մասնագիտությունն ընտանեկան ավանդույթ է. հայրս՝ վաստակավոր դասախոս Ռոբերտ Դաշտոյանը, և ավագ եղբայրս՝ տ.գ.թ. Հարություն Դաշտոյանը, Երևանի Պոլիտեխնիկի Կիբեռնետիկայի ֆակուլտետում տարիներ շարունակ գործել և հիմա էլ գործում են հենց միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում:
-Ինչպես մենք գիտենք, Երևանում Դուք սովորել եք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետի Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնում, իսկ ասպիրանտուրայի ավարտական երրորդ կուրսում՝ Իսպանիայի Բասկերի երկրի համալսարանում: Ինչու՞ որոշեցիք ուսումը շարունակել արտերկրում:
-2015-ին Պոլիտեխնիկի միջազգային ուսումնահետազոտական դրամաշնորհային ծրագրերի ցանկում ներառված էր Եվրոմիության “Erasmus Mundus BACKIS”-ը, որի շրջանակներում՝ որպես ասպիրանտ հնարավորություն ունեի 10 ամսվա ընթացքում թեկնածուական ատենախոսությանս փորձարարական հետազոտություններն իրականացնել Եվրոպայի համալսարաններից մեկում: Սա շատ լավ հնարավորություն էր ատենախոսությունս նոր հետազոտություններով համալրելու՝ օգտագործելով եվրոպաբնակ գործընկերների գիտական փորձառությունն ու իրենց տրամադրության տակ եղած նորագույն սարքավորումները, ինչպես նաև լավ առիթ էր ճանաչելու նոր մշակույթներ, բարելավելու օտար լեզուների հմտություններս: Այնպես որ ներկայացրի հետազոտական ծրագիրս, որը հավանության արժանացավ, և հրավեր ստացա հենց Բասկերի երկրի համալսարանից, չնայած որ առաջին հայտով դիմել էի Ֆրասիայի Մոնպոլիեյի համալսարան: Ուսումնառությանս ամիսներին մասնագիտական ձեռքբերումներիցս բացի, նաև յուրահատուկ մտերմություն ձևավորվեց բասկ և այլազգի գործընկերներիս հետ, ինչը բերեց նաև միջմշակութային փոխճանաչողության:
-Ձեր կարծիքով ո՞րն է մեր և եվրոպական ուսուցման եղանակների գլխավոր տարբերությունը:
-Կարող եմ ասել, որ այնտեղ շատ մեծ տեղ է հատկացվում կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներառմանը, այսինքն՝ այն, ինչ մեր բուհ-երում պատմվում է կամ կավիճով պատկերվում գրատախտակին, եվրոպական համալսարաններում կարելի է տեսնել մեծ էկրաններով, կամ համակարգիչներով: Սա, իհարկե, մեծ ծախսերի հետ է կապված, բայցևայնպես, հատկապես ճարտարագիտական կրթության դեպքում, կարևոր է ընթանալ ժամանակին համաքայլ և ուսանողներին նյութը մատուցել ավելի մատչելի ու հասանելի կերպով՝ օգտագործելով համակարգչային մոդելավորման ընձեռած լայն հնարավորությունները: Մնացած առումներով մեր կրթական համակարգը մեծ հաշվով կրկնում է եվրոպականին, չնայած որ, ըստ իս, անհրաժեշտ է մշակել մեր ազգային համակարգը, որը կառուցված կլինի ըստ միջազգային չափորոշիչների, բայց և կհամապատասխանի մեր ազգային առանձնահատկություններին, ոչ թե պարզապես պատճենված կլինի արտերկրի համակարգերից:
-Ձեր կարծիքով այն գիտելիքը, որը իսկապես խելացի ուսանողը ստանում է Հայաստանում, բավակա՞ն է, որպեսզի նա կարողանա իր ուսումը շարունակել աշխարհի հայտնի համալսարաններում:
-Եթե ուսանողն իրոք խելացի է և իր ստացած գիտելիքը համապատասխանում է ժամանակակից միջազգային պահանջներին, ապա նա որևէ խնդիր չի ունենա արտասահմանյան համալսարաններում ուսանելու ընթացքում: Անշուշտ, շատ կարևոր է նաև օտար լեզուների, առաջնահերթորեն՝ անգլերենի լավ իմացությունը:
Նունե Ղազարյան