Աբու Դաբիի հայկական վարժարանում ուսանում է շուրջ 40 երեխա
ОбществоԱրաբական Միացյալ Էմիրություններում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին այցելեց շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի անունը կրող մզկիթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իր մեծությամբ աշխարհում երրորդը համարվող մզկիթը զբաղեցնում է շուրջ 22.412 քառակուսի մետր տարածք՝ չափերով զիջելով միայն Մեքքայի Մեծ և Մեդինայի Մարգարեի մզկիթներին։
Մուսուլմանական սրբատեղիի կառուցման գաղափարը պատկանում է շեյխ Զայեդ բին Նահյանին: Երկարատև փնտրտուքներից հետո ի վերջո մասնագետներին հաջողվել է մայրաքաղաք Աբու Դաբիում գտնել մզկիթի կառուցման ամենահարմար վայրը: Այն նկատելի է քաղաքի համարյա բոլոր վայրերից:

Մզկիթն ունի շուրջ 82 գմբեթ, որոնցից մեկը համարվում է աշխարհի ամենամեծ գմբեթը: Գմբեթների և սյուների կառուցման համար օգտագործվել է շուրջ 28 տեսակ մարմար, ինչպես նաև ոսկի, մարգարիտներ և այլ թանկարժեք քարեր:
Այս մզկիթում է գտնվում շեյխ Զայեդի գերեզմանը։ Այն լուսանկարելն արգելված է այցելուների համար։ Այս վայրը յուրօրինակ է նաև նրանով, որ շեյխի գերեզմանի մոտ գտնվող սրահում 24 ժամ կենդանի կատարմամբ Ղուրան է հնչում: Պահքի ողջ շրջանում մզկիթը հյուրընկալում է շուրջ 700 հազար հավատացյալների: Մզկիթում պարբերաբար կազմակերպվում են տարբեր կրոնական խորհրդաժողովներ, քննարկումներ: Դրան կից գործում է մեծ գրադարան և մշակութային կենտրոն: Մզկիթում կատարած շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվեց խորհրդանշական նվեր` մզկիթի մասին պատմող գիրք:

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց նաև Աբու Դաբիի Սրբոց նահատակաց եկեղեցի: Հոգևոր այս կառույցի հիմնարկեքը իրականացվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի ձեռամբ 2012թ. մայիսի 4-ին:
Սրբոց Նահատակաց եկեղեցին Արամ Ա-ի կողմից օծվել է 2014թ. դեկտեմբերի 12-ին: Նույն օրը հիմնադրվել է նաև Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը:
2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարժարանի տնօրեն Ավետիս Մուրադյանը, վարժարանում ուսանում է շուրջ 40 երեխա:
«Վարժարանն ունի մանկապարտեզ և միջնակարգ կրթական բաժին: Այստեղ դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, հայ երգ և պար: Վարժարանն Աբու Դաբիում առաջինն է, այն մեծ նշանակություն ունի հայապահպանության գործում»,-ասաց Ավետիս Մուրադյանը:
Եկեղեցու բակում տեղադրված է ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ընտանիքի կողմից նվիրաբերված 1915թ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը: