Առեղծվածային դեպք Երևանում. «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի
ОбществоԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող գնացքի գծերի հարևանությամբ տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։
Վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը հանկարծամահության դեպք է, թե սպանություն, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։