«Ռեինկարնացիա» խմբի համերգով ազդարարվեց երիտասարդական տոներին նվիրված հանրապետական միջոցառումների մեկնարկը
КультураԳյումրու «Սև բերդ» ամրոցում «Ռեինկարնացիա» խմբի համերգով ազդարարվեց երիտասարդական տոներին նվիրված հանրապետական միջոցառումների մեկնարկը: Երիտասարդության համաշխարհային օրը հանրապետության երկրորդ քաղաքում տոնական համերգային ծրագրով նշելու գաղափարը ՀՀ երիտասարդական հիմնադրամին ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանն էր: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺպատգամավոր Կարեն Ավագյանը, երիտասարդական տոներին նվիրված ծրագիրը չէր կարող չմեկնարկել Գյումրիից՝ հաշվի առնելով այն, որ Գյումրին 2016 թվականին հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք: Տոնական տրամադրությունը կշարունակվի, տոնական միջոցառումներ տեղի կունենան Երևանում և Վանաձորում: Նախատեսված են համերգային ծրագրեր, մշակութային միջոցառումներ, մրցույթներ և մարզական խաղեր:
Գյումրիում շնորհավորելով երիտասարդներին՝ Կարեն Ավագյանը նախ բոլորին խաղաղ երկինք մաղթեց՝ չմոռանալով ավելացնել, որ Հայաստանում բնակվող բոլոր երիտասարդներին մաղթում է նաև այն բոլոր հնարավորությունները, որ կան աշխարհում՝ երիտասարդների համար: «Իրականում մեր համար նշանակություն չունի, թե երիտասարդը որտեղ է բնակվում. դրա համար մենք մեր միջոցառումները տանելու ենք մարզեր՝ նպաստելով մարզերի համաչափ զարգացմանը: Ընդհանրապես երիտասարդների տոները կարևորվում են նրանով, որ այդ օրերին երիտասարդները բարձրաձայնում են իրենց խնդիրները, ա ռաջարկություններ են անում: Այս տարի մենք ձևաչափը մի փոքր փոխել ենք և այս մեկ շաբաթը երիտասարդների համար տոն ենք դարձնում՝ տարվա մնացած օրերը թողնելով խոսել երիտասարդության խնդիրներից»,-նշեց Կարեն Ավագյանը:
Համերգային ծրագրի մեկնարկից առաջ բոլոր ներկաներին իրենց շնորհավորանքի խոսքերը հղեց Գյումրուքաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրեցի երիտասարդներին ողջունեց նաև Aratta Band-ը, ինչից հետո «Սև բերդ»- ում ավելի քան 3 ժամ հնչեցին «Ռեինկարնացիա» խմբի մեղեդիները: Ինչպես հին, այնպես էլ նոր կատարումները՝ խմբի գրեթե բոլոր սիրված ու ճանաչված երգերը («Մի գդալ սեր», «Լույս», «Սիրունիկ ես», «Էլի լավա» և այլն) ուղեկցվում էին երկրպագուների ձայնակցությամբ:
Գյումրիում մեկնարկած տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային տոնը:
Արմենուհի Մխոյան