Չինաստանում խանութի թերացող աշխատողներին որպես պատիժ կենդանի որդերով են կերակրել
ОбществоՉինաստանի Շենսի նահանգում կահույքի խանութի աշխատակիցները, որոնք չէին կարողացել կատարել օրվա պլանը, պատժվել են՝ նրանք հրապարակավ կերել են կենդանի որդեր, ընդ որում դա արել են հոժարակամ, գրում է «Ժենմին ժիբաո» թերթը։
Դեպքը տեղի է ունեցել Խանչժուն քաղաքում։ Աշխատակազմի ներկայացուցիչը քաղաքի հրապարակ է բերել դեղին որդեր, նաեւ երկու շիշ լիկյոր։ Նա բարձրաձայն հայտարարել է խանութի աշխատողների անունները , բաժակների մեջ լիկյոր լցրել ու որդերին էլ մեջը գցել։ Աշխատողները՝ թվով 5-6 մարդ, պետք է ուտեին որդը ու խմեին բաժակի պարունակությունը։ Խանութի աշխատողի խոսքով իրենք ամեն օր զեկուցում են արված աշխատանքի մասին, իսկ նա , ով չի կարողացել կատարել օրվա պլանը, պատժվում է։ «Այսօրվա պատժամիջոցը որդ ուտելն էր։ Չորս որդ՝ մեկ կորցրած հաճախորդի համար»,- հավելել է նա։
Խանութի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ խանութը միշտ հաջորդ օրվա համար վաճառքի որոշակի ծավալ է ծրագրում ու յուրաքանչյուր աշխատող ստորագրում է երաշխավորագիր, որ կկատարի այն։ Նրա խոսքով պատիժը ոչ թե պարտադիր է, այլ հոժարակամ։