Պաշտպանված բժիշկն առողջապահության համակարգի զարգացման հենասյունն է. Գևորգ Գրիգորյան
ИнтервьюՕրերս տեղի ունեցավ «Առողջապահությունը և մարդու իրավունքները» թեմայով միջազգային եռօրյա համաժողովը, որի շրջանակում զեկույցով հանդես եկավ բժիշկ-ուրոլոգ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը:
Խոսելով առողջապահական իրավունքի ոլորտից՝ Orer.am-ի հետ զրույցում Գ. Գրիգորյանը նշեց, որ առողջապահության իրավունքի ոլորտում լուրջ բացեր ունենք, և իրավունքի այդ ճյուղը մեզ մոտ զարգացած չէ:
«Եթե օրինակներով խոսեմ, ապա կարող եմ նշել հետեւյալը՝ բուժաշխատողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանող՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ բժիշկն իրավունք ունի մասնակցել շարունակական մասնագիտական զարգացմանը, միաժամանակ, նույն օրենքի հաջորդ՝ բուժաշխատողների պարտականությունները սահմանող հոդվածում նշվում է, որ բուժաշխատողը պարտավոր է մասնակցել շարունակական մասնագիտական զարգացմանը: Այս պարագայում դժվար է հասկանալ, թե կոնկրետ այս օրինակում որտեղ է բուժաշխատողի իրավունքի և պարտականության սահմանը և որ դեպքում բուժաշխատողն իրավունք ունի մասնակցել շարունակական մասնագիտական զարգացմանը, իսկ որ դեպքում է նա պարտավոր մասնակցել շարունակական մասնագիտական զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ, ցավոք, նման հակասություններ եւ բացթողումներ կարելի է անվերջ թվարկել, մինչդեռ պաշտպանված բժիշկն առողջապահության համակարգի արդյունավետության հիմքերից մեկն է:
Ողջունելով համաժողովի գաղափարը՝ բժիշկն անդրադարձավ նաեւ դրա անհրաժեշտությանն ու արդյունավետությանը: «Լինելով վիրահատող բժիշկ եւ հասարակական կազմակերպության ղեկավար` կարող եմ վստահաբար ասել, որ համաժողովը մեծ կարևորություն ուներ բուժաշխատողների և պացիենտների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև այդ ոլորտում միջազգային փորձի ներկայացման տեսանկյունից:
Համաժողովը մեծ կարևորություն ուներ նաև իրավաբանների ու բուժաշխատողների համագործակցության խթանման տեսանկյունից, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների՝ առողջապահական իրավունքի ոլորտում իրազեկվածության բարձրացման և կրթման տեսանկյունից»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը՝ մեծ կարեւորություն տալով նաեւ չորրորդ իշխանության ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի զարգացմանը:
Ըստ բժիշկ-ուրոլոգի` այսօր հասարակական կարծիքի ձեւավորման գործընթացում լրատվամիջոցների կողմից լինում են նաեւ կոպիտ ձեւակերպումներ, որոնք կարող են վնասել ոչ միայն տվյալ բժշկի, այլեւ ողջ բժշկական համայնքի գործունեությանը:
«Իրականում պետք է այնպես անել, որ բժիշկ-պացիենտ հարաբերությունները լինեն ճիշտ հարթակի վրա: Պետք չէ ձեւավորել անվստահության մթնոլորտ, քանի որ այսօր Հայաստանում գործում են բավական լուրջ եւ պրոֆեսիոնալ մասնագետներ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ նման համաժողովները հետայսու հենասյուն կդառնան բժիշկների եւ պացիենտների իրավունքների պաշտպանությանն ու դրանց անթերի մատուցմանը:
Սոսե Չանդոյան