Զինվորի բաժինը գողացողի քթից է գալու. ԱԺ-ում Սեյրան Սարոյանի ելույթն ուղեկցվեց ծափահարություններով
ОбществоԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովում պետք է անցներ միասնական մթնոլորտում: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման համար հատուկ հիմնադրամի ստեղծման նախագծի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի սպասել, որ օրենսդրական նախաձեռնությունը նման քննադատության կարժանանա: «Փորձեցինք մի լավ բան անել ժողովրդի համար... էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից: Ամեն ինչի մասին խոսեցինք, բացի նրանից, որ նման լավ օրենք է բերվել: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ գողացավ, ով «տուշոնկա» գողացավ, ինչ կերավ: Այդ ամենը իրենց քթից է գալու: Թողեք Աստծո հույսին: ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ կատակեց Սարոյանը:
Պատգամավորը հավելեց, որ խնդիրը նրանում է, որ հայ ժողովուրդը բանակին օգնելու հարցերում միշտ միասնական է եղել՝ որպես օրինակ բերելով ապրիլյան պատերազմի օրերին տիրող համախմբվածությունը: «Բայց պետք չէ պատերազմ լինի, որ միասնական լինենք: Մենք գիտենք, որ մեր պետությունն աղքատ է: Ասում են, թող պետական բյուջեից տան այդ փողերը: Բայց բյուջեն պետք է ունենա, որ տա: Բայց պիտի հասկանանք, թե ինչի՞ համար է այս օրենքը: Մարդն ասում է բերեք ընդամենը հազար դրամ փոխանցենք այդ հիմնադրամին, որը ուղղվելու է զինծառայողների հատուցմանը: Հիմա կասեք ձայնդ տաք տեղից է գալիս, 1000 դրամը քո համար ի՞նչ փող է: 1000 դրամն էն գումարն է, որ հաշվեք ամեն մի հայ մտել է եկեղեցի իր երեխեքի համար երկու հատ մոմ է վառել: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա մարդ, ում ընտանիքից բանակում մարդ չկա: Եթե ախպերը չի, գոնե հորքուրի, մորքուրի, քեռու տղան բանակում է: Դեռ փողերը չհավաքած՝ արդեն խոսում ենք կոռուպցիայի մասին: Ասում են ունենք հզոր բանակ, ուժեղ բանակ, բայց ինչ ցեխ ասես շպրտեցին բանակի վրա, ինչ է թե մի քանի անբարոյական կա այնտեղ: Եթե կան անբարոյականներ, նրանց հանել շպրտել են բանակից: Կա՞ն չարաշահումներ, թող դատախազը կանչի քննի: Ես համաձայն եմ իմ ընկերների հետ, որ նման մարդիկ պետք է պատժվեն: Ո՞նց կարող են զինվորի բաժինը տանել ուտել: Իհարկե, պիտի պատասխան տան: Բայց ընդհանուր բանակի, գեներալների, սպաների վրա ցեխ շպրտելը մեզ չի սազում մանավանդ այս ամբիոնից, որը ժողովրդի ձայնն է»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Պատգամավորը իր գործընկերներին և ժողովրդին խնդրեց ամեն ինչի վրա ցեխ չշպրտել: «Էս հարցը սարքեցինք հայոց պատմություն: «Ֆեյսբուքներում էլ ինչ ասես չգրեցին, թե հարուստները թող տան փողերը: Ախր հարուստը ոչ մի բան էլ չի տա: Եթե իրան շահ չեղավ, ոչ մի բան էլ չի տա: Էս ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքն է իրեն պահելու: Մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ժողովուրդ ջան: Սա է խնդիրը, միասնական պետք է լինենք»,- ասաց պատգամավորը: Նա ևս մեկ անգամ կոչ արեց օրենսդրական նախաձեռնությանը միասնական կողմ քվեարկել և հետևել, որ ամեն ինչ իր հունով ընթանում է:
Սեյրան Սարոյանի ելույթից հետո դահլիճում բուռն ծափահարություններ հնչեցին, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Սեյրանի ելույթից հետո ոնց որ Պելեից հետո ֆուտբոլ խաղաս»: