ՀՀ-ում ՃՏ պատահարի հետևանքով զոհվածների թիվը նվազել է
ОбществоԱյս տարվա անցած 10 ամսում Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել 2762 ճանապարհատրանսպորտային պատահար: Արմենպրեսի հաղորդմամբ`նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«2016 թվականին Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 227 մարդ, տուժել 3844 մարդ: Անցած տարվա համեմատ նույն ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 196-ով, վիրավորների` 265-ով, իսկ զոհվածների՝ 63-ով»,- նշեց Խաչատրյանը:
Ըստ նրա` նվազումը պայմանավորված է մի քանի գործոններով` սկսած քարոզչական աշխատանքից վերջացրած տեսախցիկներ տեղադրելով:
«Ձեռնարկված միջոցառումները շատ արդյունավետ են, ինչը կարելի է տեսնել վիճակագրությամբ: 2009 թվականին Երևանում ՃՏ պատահարի հետևանքով զոհվել է 72 մարդ, 2010 թվականին` 81 մարդ, իսկ 2011 թվականին՝ 92 մարդ: Մինչ տեսախցիկներ և արագաչափ սարքեր տեղադրելը ՃՏ պատահարների հետևանքով զոհվածների թվի աճ էր գրանցվել: Իսկ 2012 թվականին, երբ Երևան քաղաքում տեղադրվեցին տեսախցիկները, զոհերի թիվը 29-ով պակասեց»,- ընդգծեց Խաչատրյանը: