Անվտանգության հիմնահարցը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիր Հայաստանի համար. Շարմազանով
ОбществоՀայաստանի Հանրապետությունը թևակոխում է փոփոխությունների ժամանակաշրջան: Սակայն, եթե այդ փոփոխությունները չեն վերածվում բարեփոխումների, ապա որևէ առաջընթաց հնարավոր չէ արձանագրել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հետևաբար, մեր նպատասկը ոչ թե փոփոխություններն են, այլ բարեփոխումները, որովհետև բարեփոխումներն են հոգևոր, արժեքային դաշտում: Եվս մեկ անգամ պետք է հաստատեմ, որ անվտանգության հիմնահարցը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական հասարակական կյանքի օրակարգային հարց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որից հետո հայոց երկրորդ հանրապետությունը կոչվելու է Արցախի Հանրապետություն, ինչը մեծ հիստերիա առաջացրեց թուրքական երկրորդ հանրապետությունում՝ Ադրբեջանում: «Դրա համար նրանց կխնդրեմ ընթերցել Խորենացի, Շիրակացի: Եթե շատ են ատում հայերին և վախենում են կարդալ Խորենացի կամ Շիրակացի, կարող են կարդալ Պլենիոս Ավագ, Ստրաբոն, Դիոն Կասիուս և կտեսնեն, որ Արցախի Հանրապետությունը դեռևս այն ժամանակաշրջանում Հայաստան աշխարհի անբաժան մասն էր: Այդպես էլ լինելու է ապագայում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանում այնքան են հիստերիայի մեջ ընկել, որ որերորդ անգամ կոչ են անում վերագրավել Շուշին և այնտեղ դնել Ադրբեջանի դրոշը: «Մենք դրոշին դեմ չենք, սակայն դրա համար կա մեկ ճանապարհ: Ճանաչեք Արցախի անկախությունը, Ստեփանակերտում բացեք դեսպանատուն և դեսպանատան ներսում որքան ցանկանում եք մեծարեք ձեր դրոշը: Սա է Արցախում ադրբեջանական դրոշի հայտնվելու միակ ճանապարհը»,- ընդգծեց նա:
Շարմազանովի խոսքով՝ այս գործընթացները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ազգ-բանակ գաղափարը, անվտանգության խնդիրների առաջնային լինելը օրակարգային հարց են: «Այո, եթե ժողովուրդը վերածնված չէ և չի ապրում հոգևոր-ազգային արժեքներով, չի կարող որևէ խնդիր լուծել: Եթե որոշ մարդկանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ Հայաստան»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: