Պետք է իսկապես ցույց տանք, որ մենք ազգ-բանակ ենք. Արմեն Ռուստամյան
ОбществоՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադաձավ բանակի համար հիմնադրամ ստեղծելու հարցին ու նշեց, որ հանրությանը պետք էր մի քիչ ավելի լավ ներկայացնել գաղափարը, որ նման հանպատրաստից դժգոհություն չառաջանար հանրության որոշ հատվածի մոտ:
«Մեր ռեսուրսը նկատի ունենալով` այնպիսի վիճակում ենք, որ պետք է նոր կոնցեպցիայի վրա կառուցենք մեր բանակաշինությունը եւ ազգ-բանակ հասկացությունը, որ ներդրված է, եւ հայեցակարգը ամրագրված է նաեւ կառավարության ծրագրի մեջ, ենթադրում է ազգովի պաշտպանական խնդիրների լուծում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե սա ազգային տուրքի գաղափար է, խորհրդանշական գումար է, որով մասնակից ես դառնում պաշտպանական հարցերին:
«Պետք է իսկապես ցույց տանք, որ մենք ազգ-բանակ ենք, այլ տարբերակ չունենք, որովհետեւ երբ չես կերակրում քո բանակը, դու ստիպված կլինես կերակրել օտարի բանակը»,- ընդգծեց Ա. Ռուստամյանը:
«Գաղափարը չպիտի կործանվի, գաղափարը պիտի պահպանել, եւ ովքեր մտածում են` գաղափարը պետք է պահպանել, նրանց հետ ունենք խնդիր` նստենք, քննարկենք, կոնկրետ թվերի հետ կապված, արդյո՞ք համաչափությունը, համամասնությունը ճիշտ է:
Պետք է մարդկանց եկամուտներին համապատասխանեցվի նրանց ներդրումը, բայց որ այդ ներդրումը պիտի լինի` մեկ դրամ, տասը դրամ, թե հազար դրամ, ես կասկած չունեմ, որովհետեւ դա պարտադիր է, անհրաժեշտ է»,- ասաց պատգամավորը: