Իշխանական թայմ-աութ
АналитикаՎարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումն արվեց մեծ շուքով և հանդիսավորությամբ։ Հասարակության մի զգալի մասի մոտ մեծ խանդավառություն առաջացավ և զարթնեց նոր հույս ՝ տեսնելու փոփոխություններ։ Կերպարն իրոք դրական է։ Սակայն պետական համակարգերում անձով պայմանավորված ոչինչ չի լինում։ Որքան էլ կամային որակներ ունենա անձը, նրան պետք է ուժեղ իշխանական աջակցություն։ Վարչապետի նշանակումից անցել է շուրջ երկու ամիս։ Դա նշանակում է, որ «շոկային թերապիան» կամ «դրայվը» պետք է գոնե արդյունք տված լինեին։ Սակայն իրականությունն այլ է։ Բացի դեկլարատիվ փոփոխություններից ու կադրային ջարդից, մենք առայժմ էական ոչինչ չենք տեսնում։ Հասկանալի է այն հանգամանքը, որ իշխանությանը, նման ծայրահեղ վիճակում, երբ աղքատության մակարդակը գերազանցում է պատկերացումների յուրաքանչյուր սահման, պետական պարտքը վաղուց գերազանցում է Արարատի հարաբերական բարձրությանը, իսկ հասարակության մեջ զրո վստահության տոկոս կա, ինչ-որ բան փոխել պետք էր։ Այդ փոփոխությանը իշխանությունը գնաց իմիջային վարչապետի տեսքով։ Իրատեսները, որոնց լավատեսներն անվանում էին հոռետեսներ, պնդում էին, որ Կարապետյանի կառավարությունը չի կարող էական փոփոխություններ անել երկրում։ Սա իրականում քայլ էր, լճացած վիճակից մասամբ դուրս գալու և պետական ուզուրպացիաի վերաբաշխման իմիտացիա ստեղծելու համար։ Ընտրական գործընթացները սարերի հետևում չեն, և իշխանության բարի դեմքով ներկայանալու տենդագին փոփոխությունները բերեցին այս հանգրվանին։ Ակնհայտ է նաև այն հանգամանքը, որ հաջորդ ամիսների ընթացքում ևս, բացի կոսմետիկ փոփոխություններից, այդ կառավարությունը ոչինչ չի կարող անել։ Ի վերջո, որքան էլ իրենց ոլորտներում կայացած աշխատողներ լինեն այս կառավարության անդամները, մեկ բան ակնհայտ է ՝ իշխող կուսակցության համար, նրանք չէ որ ձայներ են բերում։ Իսկ իշխանությունը սովորաբար յուրայիններին չի նեղացնում։ Մյուս կողմից, այս կառավարությունը շատ հարմար է, այդ նույն յուրայիններին «մեսսիջներ» փոխանցելու առումով ՝ «կուժ, քեզ եմ ասում, կուլա դու լսիր» սկզբունքին համաձայն։ Այստեղ մնում է չպարզաբանված երկու հարց։ Կարապետյանի ինչի՞ն էր պետք ապահովել իշխանության կարճաժամկետ շնչառությունը, եթե այդ նույն կլանային համակարգն ու թիմը, նրան լայն գործելու հնարավորություններ չեն տալիս, և երկրորդ հարցը կայանում է այն հանգամանքի մեջ, թե ի՞նչ տեսք կունենա կառավարությունը ապրիլից հետո։ Ակնհայտ է, որ այս միջանկյալ կառավարության շատ անդամներ, նոր կառավարությունում չեն աշխատի, ու կսկսվի նոր կառավարության ձևավորումը և փիառը։ Իսկ մինչ կձևավորվի նոր կառավարությունը և իշխանական օղակներում հարմար կտեղավորվեն ընտրություններին ծառայություններ մատուցած կլանները, Հայաստանում աղքատությունը համատարածից կդառանա բացարձակ, իսկ արտաքին պարտքի շեմն էլ կհատի Էվերեստի բարձրությունը։ Որքան էլ ցավալի է, անկախ ներկայացվող իրավիճակից, ստիպված ենք փաստել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ամենայն հավանականությամբ պատմության մեջ կմնա «դրայվի» ու չիրականացված երազանքների կառավարություն։