Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներդնում է «911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգ
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերությունը համատեղ մշակել են խելախոսների համար նախատեսված «911 ՍՕՍ» հավելվածը: Համակարգի նպատակն է արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն և տեղեկատվական աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև արագ և թիրախային արձագանքում կազմակերպելը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հավելվածն անվճար է և նախատեսված է «Android» և «iOS» համակարգերով աշխատող խելախոսների համար: Այս հավելվածի գործարկումից հետո հեռախոսի էկրանին է հայտնվում «ՍՕՍ» սեղմակոճակը, որի կենտրոնին հպվելով 3-4 վայրկյան՝ ինքնաշխատ սկզբունքով ահազանգը հասցեագրվում է «911» ծառայության համապատասխան ստորաբաժանում: Ահազանգը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ահազանգողի գտնվելու վայրը (կոորդինատները) և նախօր ոք լրացրած տվյալներն ու տեղեկատվությունը՝ կազմակերպելով օպերատիվ և արդյունավետ արձագանքում:
Հավելվածի միջոցով հնարավոր է կապ հաստատել օպերատիվ այլ ծառայությունների հետ, հաղորդագրություններ ուղարկել հարազատներին և ընկերներին, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գտնել առաջին անհրաժեշտության մոտակա կարևոր օբյեկտները:
Նոյեմբերի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կկայանա «911 ՍՕՍ» նոր համակարգի ներկայացմանը նվիրված ասուլիս-շնորհանդես: Նախարարության և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության մասնագետները կներկայացնեն նոր համակարգի հնարավորությունները, առավելությունները, ահազանգերի արձագանքման նոր մեխանիզմը և դրա գործնական նշանակությունը: «911» ծառայության աշխատակիցներն իմիտացիոն ահազանգի միջոցով տեղում կփորձարկեն հավելվածը: