Ես դեռ սկզբից ասել եմ, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծմամբ Ռուսաստանը նոր բևեռ է ստեղծում: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով` անհայտ են մնում ԵՏՄ-ին անդամակցելու պայմանները, իսկ ՀՀ սահմանները ոչ մի առնչություն չունեն տնտեսականության հետ. «Ինչ տնտեսական միություն, սահմանների հարցը քաղաքականություն է: Ի՞նչ կապ ունեն տնտեսական հարաբերությունները սահմանների հետ, և ի՞նչ է նշանակում սահմանների հարցում կոմպրոմիսի գնալը: Սա քաղաքականություն է: Ռուսաստանը նոր բևեռ է ձևավորում: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պիտի բացատրություն տա հանրությանը, թե ի՞նչ է նշանակում սահմանների հարցում կոմպրոմիսի գնալն ու ի՞նչ կոմպրոմիսներ եղան»: Հարցին, թե քաղաքական առումով հարաբերությունների ինչպիսի՞ զարգացում է սպասվում Վրաստանի և Հայաստատի միջև, հաշվի առնելով, որ նրանք տարբեր ուղղություններ են ընտրել` վերլուծաբանն ասաց. «Հարաբերությունների զարգացումները կամ փոփոխությունները կախված չեն Հայաստանի կամքից, այլ՝ այլ երկրների ցանկությունից: Ինչպես նրանք ցանկանան, հարաբերություններն այլ ուղղությամբ էլ կզարգանան»: