Գեղարքունիքի մարզում նորոգվում են Դպրաբակ-Կալավան եւ Ծափաթաղ-Դարանակ ճանապարհները
ОбществоՊետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզում սկսվել եւ ընթանում են Դպրաբակ-Կալավան միջհամայնքային եւ Ծափաթաղ-Դարանակ միջպետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքները՝ կոպճապատման միջոցով: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհի վնասված հատվածների նորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 5 միլիոն 600 հազար, Ծափաթաղ-Դարանակ ճանապարհի հիմնանորոգման համար՝ 8 միլիոն 700 հազար դրամ: Վերոնշյալ հատկացումների հաշվին 7 կիլոմետր երկարության ճանապարհի վնասված հա տվածներ կնորոգվեն Դպրաբակ-Կալավան ուղղությունում, շուրջ 9 կիլոմետր՝ Ծափաթաղ-Դարանակ հատվածում:
«Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհը մեծապես վնասվել էր այս տարվա հեղեղումներից, դարձել դժվարանցանելի, իսկ Ծափաթաղ-Դարանակ ճանապարհը, որը Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհի մի հատվածն է, տարիներ ի վեր նորոգված չլինելու պատճառով դարձյալ անցանելիության ապահովման կարիք ուներ: Շինարարական աշխատանքները կոպճապատման միջոցով նախատեսվում է ավարտին հասցնել այս ամսվա ընթացքում: Երկու ճանապարհներն էլ կենսական կարեւոր նշանակություն ունեն մի շարք համայնքների բնակչության համար»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան