«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգը ցանկացավ ապրել ու ապրեց
Общество«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ տանկի անձնակազմի անդամ, ԼՂՀ Նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Գևորգ Խաչատրյանին։

Նա և նրա ընկերները՝ Ռաֆիկ Կրպեյանը և Սամվել Սահակյանը, խոցել են հակառակորդի երկու տանկ և հետ են վերցրել չորս դիրք։
Գևորգը ծառայել է Մարտակերտում։ Երբ սկսել է քառօրյան, 86 օր էր մնացել նրա զորացրվելուն։ Ապրիլի 2-ին՝ գիշերը, Գևորգենց զորամասի հրամանատարը ուսումնական տագնապ է տվել ։ «Ես այդ ժամանակ վերակարգ էի ընդունում։ Եկան ասացին, որ ուսումնական տագնապ է»,- պատմում է Գևորգը։
Տագնապից հետո գնացել են Թալիշ։ Գյուղ մտնող ճանապարհին տեսել են այնտեղ ապրող ժողովրդին, մեքենաները՝ ապրանքով բեռնված։ «Երբ երկու տանկով հասանք Թալիշ, գումարտակի հրամանատարի հրամանով անցանք մարտական գործողությունների։ Հրամանատարն էլ իր անձնական մեքենայով էր եկել»,- պատմում է Գևորգը։ Սկզբում տանկով Թալիշում պտույտներ են արել, որովհետև լսել էին, որ դիվերսիա է եղել, մտածել էին, որ հնարավոր է թուրք մնացած լինի։ Մի քանի պտույտից հետո բարձրացել են սարեր, այնտեղից սարի լանջին երևացել են հակառակորդի տանկերը։ «Մի տանկը այդ հատվածից ենք խոցել։ Երեկոյան ժամը վեցի կողմերը բարձրացել ենք անտառ, հրամանատարը ասել է մնանք այնտեղ։ Մի գիշեր մնացել ենք հենց տանկի մեջ։ Առհասարակ, երեք օր տա նկի մեջ եմ մնացել»,- հիշում է մեր պատմության հերոսը։
Հաջորդ օրը լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, բարձրացել են «Եղնիկներ» կոչվող դիրքեր։ «Այնտեղ արդեն երկու տանկով մեր չորս դիրքերը, որոնք թշնամին գրավել էր այդ գիշեր, հետ ենք վերցրել ։ Մյուս տանկն էլ այնտեղ ենք խոցել։ Դիվիզիայի հրամանատարը և մեր գումարտակի հրամանատարը եկան, ցույց տվեցին տանկի տեղը։ Հենց խրամատի մեջ էր` թե նրանք էին հասցրել փորել, թե կար այդ խրամատը, չգիտեինք։ Տանկի փողն ուղղված էր դեպի այն ճանապարհը, որտեղով մարդիկ էին քայլում, ավտոմեքենաներն էին անցնում , զինվորներին սնունդ էին տանում»,- պատմում է Գևորգը։ Կանգնել են այնտեղ, հեռադիտակով դիտարկել, հետո գումարտակի հրամանատարի հետ տանկով գնացել են, մոտեցել, ու քանի որ նա քշողն է եղել, այդ տանկը չի տեսել։ Թեքությամբ դուրս է եկել ու տանկի հրամանատարի հրամանով կողքից կրակել են։ Խոցել են այդ տանկը, հրամանատարը գոռացել է, թե կպել է ու այդ ժամանակ արդեն հետ են քշել։
«Հաջորդ օրը երեք հոգով գիշերը մնացել ենք ականանետի նշանառուների մոտ։ Առավոտյան արդեն դուրս ենք եկել, բարձրացել դիրքերից մեկը, այնտեղից էլ տարբեր հատվածներից կրակել ենք ու վերջ»,- հպարտությամբ պատմում է մեր հերոսը։

Երբ հարցնում եմ, թե այդ սկզբնական պահերին, երբ իմացել է, որ հակառակորդը այդքան ինտենսիվ կրակում է սահմանի ողջ երկայնքով, ինչ է զգացել, ասում է, թե վախ չկար այդ ժամանակ. «Ուղղակի չենք մտածել, որ կարող է այդպիսի բան լինել։ Երևի այդ մտածմունքից, որ կարող է մի վատ բան լինել, ծիծաղել ենք, ամեն մի ասածին հումոր ենք արել»:
Գևորգը Նոր Հաճնից է, ապրում և աշխատում է հենց այնտեղ. «Մինչև բանակ զորակոչվելը, սովորել եմ Նոր Հաճնի դպրոցներից մեկում, հետո 9-րդ դասարանից դուրս եմ եկել, Եղվարդի արհեստագործական ուսումնարան եմ տեղափոխվել՝ ավտոփականագործի դիպլոմ եմ ստացել ու դրանից հետո զորակոչվել եմ բանակ»:
Սերը դեպի մեքենաները Գևորգի մոտ մեծ է։ Սիրում է մեքենաներ վերանորոգել։ Սակայն այժմ նա այլ աշխատանք ունի։ «Հիմա աշխատում եմ, որպես առաքիչ։ Դեռ համալսարանում չեմ սովորում, բայց մոտ ժամանակներս, երևի, կսկսեմ սովորել»,-հավաստիացնում է մեր պատմության հերոսը։
Խոսելով նպատակների ու երազանքների մասին, Գևորգ Խաչատրյանն ասում է, որ ինչպես և բոլորը, ինքն էլ ունի և՛ նպատակներ, և՛ երազանքներ, որոնք ձգտում Õ § իրագործել։
Բայց նա բարձրաձայնեց իր նպատակներից մեկը, որը ունեցել է, մինչև բանակ զորակոչվելը. «Նպատակս էր՝ գնալ բանակ, ծառայել ու հետ վերադառնալ։ Ես միշտ ասել եմ, որ գնալու եմ ծառայելու»: Ձգտումներով լի Գևորգը ընդամենը 18 տարեկանում հասավ իր նպատակին։ Սակայն ինչ վերաբերում է նրա երազանքին՝ այնքան անիրական է, որ ավա՜ղ այն հնարավոր չէ իրականացնել։ «Երազանքս է, որ տղաներից ոչ ոք մահացած չլիներ։ Շատ ընկերներ կորցրի»,- ասում է նա։
Այնուամենայնիվ, հերոս տղան շարունակում է խոսքը ու ասում, որ դեռ մարտական ընկերներ ունի , ովքեր մինչև հիմա դեռ ծառայության մեջ են ու այսօր էլ գտնվում են Թալիշում և դեռ չեն վերադարձել զորամաս։ «Ընկերներիս մաղթում եմ բարի ծառայություն ու անպայման անփորձանք վերադառնան իրենց ծնողների մոտ»,- նշում է Գևորգը։ Նա զորացրվել է հունիսի 30-ին։ Բանակում եղել է եֆրեյտոր, ավագ մեխանիկ վարորդ։
Վերջին հարցս, որ տալիս եմ Գևորգին` ինչն է նրան փրկել, ասում է, թե կամքի ուժը. «Ցանկացել եմ ապրել, ապրել եմ»:

Լիլիթ Դեմուրյան