Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից պետբյուջե կատարվող մուտքերը նվազել են 10 տոկոսով
Экономика2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարվող մուծումները 10 տոկոսով նվազել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին SOCAR-ի կողմից երկրի բյուջե վճարված հարկերը կազմել են 1 մլրդ 15,172 մլն մանաթ:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին SOCAR-ը պետբյուջե վճարել է 125,345 մլն մանաթ:
2016 թվականին SOCAR-ը պլանավորում է ընդհանուր առմամբ պետբյուջե վճարել 1 մլրդ 240 մլն մանաթ:
2015 թվականի հունվար-հոկտեմբերին SOCAR-ի կողմից Ադրբեջանի պետական բյուջե վճարված հարկերի ծավալը կազմել էր 1 մլրդ 271 մլն 276 հազար մանաթ,իսկ ողջ 2015-ի ընթացքում 1 մլրդ 480 մլն 195 հազար մանաթ:
Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնել էր, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:
OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը չի գերազանցի 820 հազար բարելը:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: