Երաժշտական կոմեդիայի թատրոնի 75-ամյակի առթիվ լույս է տեսել գիրք-ժողովածու
Культура2016 թվականի նոյեմբերի 18-ին լրանում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակը: Այդ օրը թատրոնում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ և տեղի կունենա «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն-75» ալբոմ-ժողովածուի շնորհանդեսը: Գրքի և միջոցառումների մասին Արմենպրեսը զրուցեց գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանի և թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ:
Մշակույթի վաստակավոր գործիչ, թանգարանագետ, գիրք-ժողովածուի հեղինակ Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ սա «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ հատորն է, որի հիմնական նյութը վերցրել է սեփական արխիվից:
«Այս թատրոնի հետ եմ մեծացել: Փոքրուց աշխատել եմ այստեղ: Նախկինում այն կոչվում էր «Երևանի Ֆլորայի այգու ամառային կամ ձմեռային թատրոն»: Հենց այդ ժամանակ հայտնվեցի թատերական մթնոլորտում և, սիրահարվելով այս աշխարհին, մնացի այստեղ»,-ասաց արվեստաբանը և հավելեց, որ հայրենական պատերազմի ժամանակ անհրաժեշտ էր ծիծաղի թատրոն, որի միջոցով հնարավոր կլիներ յուրովի պայքարել թշնամու դեմ, այդ իսկ պատճառով ստեղծվեց Հ. Պարոնյանի անվան թատրոնը:
«Ազդագրեր էի փակցնում, հետո սկսեցի պիեսներ արտագրել, և իմ գրադարանը հարստացավ պիեսներով, լիբրետոներով, նոտաներով: Պոկում և պահում էի ազդագրերը, որոնք այժմ պահվում են թատրոնում և պատմություն են կերտում»,-ընդգծեց Սերգեյ Առաքելյանը:
Գիրք-ժողովածուն չի վաճառվում: Այն կարելի է գտնել կրթական համալիրներում, գրադարաններում: Գրքում ներկայացված է Պարոնյանի անվան թատրոնի 75 տարվա պատմությունը, մանրամասն խոսվում է հիմնադիրների, դերասանների, դիրիժորների, ներկայացումների մասին: «Զետեղել եմ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ և փաստեր բեմադրությունների ստեղծման, դերասանների ընտրության մասին, կան նաև հարյուրավոր մտքեր և կարծիքներ, որոնք առնչվում են թատրոնին: Կարող եմ ասել, որ սա յուրօրինակ թատերական հանրագիտարան է»,-նշեց հեղինակը:
Առաքելյանն ասաց, որ գիրքը ստեղծել է ոչինչ չավելացնելու և ոչինչ չպակասեցնելու սկզբունքով:
Գիրք-ժողովածուում ներկայացված է թատրոնի պատմությունը՝ հիմնումը, ընթացքը և ներկան: Արվեստաբանը կարծում է, որ Պարոնյանի անվան թատրոնի առավելությունն այն է, որ իրենք բաց դաշտ են ստեղծում յուրաքանչյուր ռեժիսորի, դիրիժորի, նկարչի համար: «Նրանք կարող են մեր միջոցներով և մեր թատերական խմբի օգնությամբ իրականացնել իրենց մտքերը»,-շեշտեց գիրք-ժողովածուի հեղինակը:
«Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն-75» ալբոմ-ժողովածուն ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ասաց, որ նոյեմբերի 18-ին թատրոնն իր այցով կպատվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Միջոցառումներով հագեցած օր է սպասվում մեզ: Կներկայացվի հատված «Կարինե» օպերայից, ելույթ կունենան Կոմիտասի անվան ազգային քառյակը, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնը, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական թատրոնը, ՀՀ պաշտպանության նախարարության «Զորակն» համույթը…»,-նշեց Ղազանչյանը: