Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագիրը
ОбществоՀայաստանը մեծ կարևորություն է տալիս ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին: Իր մասնակցությամբ ձգտում է սեփական նպաստը բերել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հաստատման գործին: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տ եղակալ Աշոտ Հովակիմյանը:
««Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագիրը ՆԱՏՕ-ի կայացած գործիքներից է, որը տասնամյակներ շարունակ ծառայել է դաշինքի նպատակների իրականացմանը` հիմնվելով 3 հենասյուների վրա: Դրանք են` գիտությունը, գործընկերությունը և անվտանգությունը: Այն նաև ժամանակակից անվտանգային օրակարգում առաջնային տեղ զբաղեցնող ոչ ավանդական սպառնալիքների դեմ պայքարի առանցքային բաղադրիչ է: Մասնավորապես, խոսքը կիբերանվտանգության ապահովման մասին է, նաև ահաբեկչության, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային տարրերի դեմ պայքարի ո ւ պաշտպանության մասին է»,-ասաց Աշոտ Հովակիմյանը:
Արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է այս ծրագրի դերը որպես ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև փոխշահավետ համագործակցության մեխանիզմ` ուղղված ընդհանուր անվտանգության հիմնախնդիրների լուծմանը: Փոխնախարարի տեղեկացմամբ` Հայաստանը ներգրավվել է ՆԱՏՕ-ի գիտական ծրագրերին 1993 թվականից: Ընդհանուր առմամբ, Հայաստանի գիտնականները, փորձագետներն առաջատար դեր են ունեցել 143-ից ավելի միջոցառումներում:
«Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրով Հայաստանը ստացել է գիտական և բնապահպանական 38 ծրագրերի համար դրամաշնորհ: Իրականացված ծրագրերը ներառում են միջուկային և ճառագայթային սպառնալիքների կանխարգելում, հայտնաբերում և արձագանքում, բնական աղետների վտանգների գնահատում, ջրային պաշարների անվտանգություն:
«Ծրագրի շրջանակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կարելի է դիտարկել որպես փոխշահավետ գործակցության լավ օրինակ: Վստահ ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի լավագույն ձևով»,-ասաց Աշոտ Հովակիմյանը: