Գալուստ Սահակյանը նկատողություն արեց կառավարության անդամներին
ОбществоԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը սկսելուց առաջ դժգոհություն հայտնեց կառավարության գործելաոճից: ԱԺ նախագահը հայտարարեց, թե առաջին անգամ է, որ խորհրդարանում պետք է բյուջեի նախագիծ քննարկեն և, բացի հիմնական զեկուցողից, կառավարությունից որևէ մեկը ներկա չէ: «Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում, և կառավարությունն այստեղ չէ: Այսպիսի բան չի եղել, զարմանալի պատմություն է»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն ԱԺ նախագահին խորհուրդ տվեց հետաձգել բյուջեի նախագծի քննարկումը, ինչին ԱԺ նախագահն այսպես պատասխանեց. «Պարոն Սահակյանը գիտի ինչն է հետաձգում, երբ է հետաձգում և ինչի համար է հետաձգում»:
ԱԺ նախագահը հայտարարեց, որ խորհրդարանը սկսում է քննարկել ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագիծը և ամբիոնի մոտ հրավիրեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Ֆինանսների նախարարը ներողություն խնդրեց պատգամավորներից՝ ընդգծելով, որ իր գործընկերներն արդեն ճանապարհին են և շուտով խորհրդարան կհասնեն: «Հավանաբար, տեխնիկական խնդիրներ են առաջացել: Խնդրում եմ սա չընդունել որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ: Իմ գործընկերներն անպայման ներկա կգտնվեն այս կարևոր փաստաթղթի քննարկմանը»,- ասաց Վարդան Արամյանը: