Կարելի՞ է մինչեւ ապրիլ ես ապրեմ, ի՞նչ եք ուզում ինձնից. Արմեն Ամիրյանը՝ ՀՀԿ-ական դառնալու մասին
ОбществоNews.am-ը գրում է.
Հայաստանի նոր խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ ցանկացած նախարար պետք է կրի պատասխանատվություն նաեւ կուսակցության առումով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է անդամագրվել իշխող Հանրապետական կուսակցությանը:
«Երկրի մոդել է փոխվում, պետք է համապատասխանել այդ մոդելին: Ժամանակ ունենք մինչեւ խորհրդարանական կառավարման անցնելը»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Մշակույթի նախարարի պնդմամբ՝ ցանկացած անձ սեփական կամքով է դառնում կուսակցական, իսկ ինքն էլ դեռ ժամանակ ունի մինչեւ ապրիլ՝ որոշում կայացնելու: Դիտարկմանը, թե միշտ դեմ եք արտահայտվել կուսակցական լինելու, դեմ եք կանգնել փաստորեն ձեր սկզբունքներից՝ Արմեն Ամիրյանը կրկին նշեց՝ ինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
«Կարելի՞ է մինչեւ ապրիլ ես ապրեմ, ի՞նչ եք ուզում ինձնից»,- ասաց նախարարը:
Նշենք, որ այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, թե որ նախարարները կդառնան կուսակցական: