Հայաստանը զգալիորեն ավելացրել է արտահանման ծավալները. այդ թվում` ԵԱՏՄ երկրներ
ЭкономикаԻնչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի Հայաստանը զգալիորեն ավելացրել է արտահանման ծավալները։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է «Ռոսիա սեգոդնյա»-ին «Sputnik Արմենիա»-ի համար տված հարցազրույցում:
«Այս տարի գրեթե 50 տոկոսով ավելացրել ենք արտահանումը, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության երկրներ։ Մեզ համար դա շատ կարևոր է։ Շատ դրական բաներ կարելի է ասել։ Այստեղ հարցն այն է, որ ինչպես ցանկացած գործում, մարդիկ արագ արդյունք են սպասում։ Այսօր մտանք, իսկ վաղը պետք է երկու-երեք անգամ ավելի լավ ապրենք։ Մենք հասկանում ենք, որ այդպես չի լինում։ Ավելի լավ է ունենալ դանդաղ, կայուն աճ։ Ուստի ԵԱՏՄ-ն մեծ ապագա ունի, ամեն դեպքում` մեզ համար»,-ասել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով, կոնկրետ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցելը, ցավոք, համընկավ պատժամիջոցների հետևանքով այդ միության հիմնական շարժիչ ուժի` Ռուսաստանի Դաշնության տնտեսական իրավիճակի վատթարացման հետ։ Բնականաբար, Հայաստանի տնտեսությունը շատ փոքր է և հազարավոր թելերով կապված է ռուսական տնտեսության հետ։ Ուստի, այսպես ասած, այդ արտաքին բացասական ազդեցությունները, իհարկե, վատթարացրել են Հայաստանի ցուցանիշները։
«Բայց ես համոզված եմ, որ մենք ճիշտ ենք վարվել, ոչինչ չենք կորցրել, այլ ձեռք ենք բերել։ Մեկ-երկու տարի հետո ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները (առաջին հերթին՝ փոքր տնտեսություն ունեցող պետությունների քաղաքացիները) կզգան դա։ Կարող եմ մի քանի օրինակ բերել։ Մենք երեք միլիոնանոց շուկա ունենք։ Դա շատ փոքր շուկա է։ Դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ` մենք դարձանք 170-միլիոնանոց շուկայի մաս։ Եթե մենք, ի վերջո, հասնենք այն նպատակներին, որոնք դրված են ԵԱՏՄ հիմքում, իսկ դա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ շրջÕ �նառությունն է, ապա մենք մեծապես կշահենք»,-ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գործունեությանը:
«Տիգրան Սարգսյանը բանիմաց մարդ է։ Նա էներգիայով լի է և հարում է առաջադեմ հայացքների։ Նա ի սկզբանե կողմ է եղել, որ Հայաստանը դառնա ԵԱՏՄ անդամ, և, կարծում եմ, որ նա շատ մտահղացումներ ունի, թե ինչպես այդ գործն առաջ տանել։ Հասկանում եմ, որ շատ բան կախված է հանձնաժողովի նախագահից, բայց հիմնական խնդիրը լուծում են երկրների ղեկավարները և ԵԱՏՄ անդամները»,-հավելել է Սերժ Սարգսյանը։