Հայաստանի ներքին շուկայում ռուբլիով վարկերի ներգրավման պահանջարկը շատ քիչ է. Արթուր Ջավադյան
ОбществоՀայաստանի ներքին շուկայում ռուսական ռուբլիով վարկեր ներգրավելու առաջարկ առկա է: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Ներքին պահանջարկ առևտրային բանկերի կողմից կա: Մենք պետական մակարդակով մեր ռուս գործընկերների հետ այդ հարցով բանակցություններ ունեցել ենք տարբեր մակարդակներում: Որոշակի առաջարկներ արել ենք: Բայց նրանց հետաքրքրությունն այդ առումով շատ քիչ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջավադյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի առևտրային բանկերի կողմից առաջարկը կա, սակայն պահանջարկն է շատ քիչ, քանի որ հենց Ռուսաստանում տոկոսադրույքները բավականին բարձր են: «Երբ Ռուսաստանից Հայաստան տրանզակցիան լինում է , այդ տոկոսադրույքներն ավելի են բարձրանում: Դրանից ելնելով՝ հետաքրքրությունը կորում է, որովհետև տոկոսադրույքները բավականին բարձր են: Ռուսական արժույթը հիմա, քիչ թե շատ, կայունացման շրջանում է գտնվում, ինչը նշանակում է, որ անիմաստ է, արտարժույթային ռիսկը իրենց վրա վերցնելով, ավելի բարձր տոկոսների մեջ մտնեն մեր տնտեսվարողները: Նման ա ռաջարկով հանդես եկան հենց ռուսական դուստր բանկերի ներկայացուցիչները և մեր խոշոր բանկերից որոշները: Առաջարկները մեր բիզնեսի մոտ ոգևորություն չգտան բարձր տոկոսադրույքների պատճառով»,- մանրամասնեց Ջավադյանը: