Սիրիահայ ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ
ОбществоՍիրիայի Ռաքքա քաղաքից պատերազմի հետեւանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ Կասանջյան ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ ընդունելության ժամանակ ընտանիքի մայրը` Նատալի Դավթյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը մշտական աջակցության համար: «Նախարարու թյան մշտական օգնության շնորհիվ, մենք կարողացանք մասնակցել մեր երկու զինվորների երդման արարողությանը»,-ասաց նա՝ հայրենիքի պաշտպաններին մաղթելով անփորձանք ծառայություն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախալի համարեց սիրիահայ ընտանիքի օրինակը: « Ես հիշում, եմ, երբ ընտանիքի երկրորդ զավակին` Գեւորգին պետք է ճանապարհեինք բանակ, նա հայերեն չգիտեր, խոսում էր միայն արաբերեն լեզվով: Մենք դիմեցինք` ժամկետը հետաձգելու խնդրանքով եւ տղայի համար հայոց լեզվի արագացված դասընթացներ կազմակերպեցինք»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Հայաստան տեղափոխվելուց հետո շուրջ 1.5 տարի Կասանջյանների ընտանիքն ապրում էր Մեծամոր քաղաքում: Վերջին ամիսներին նրանք տեղափոխվել էին մայրաքաղաք եւ հինգ հոգանոց ընտանիքով բնակվում են մեկ սենյականոց բնակարանում:
Նրանք հայրենիքում իրենց սեփական գործն են հիմնել` թարմ հաց ու լահմաջո են թխում եւ վաճառում` առաջնորդվելով հայրենիքի հացն ուրիշ է կարգախոսով: