Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75-ամյակը
КультураՀակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75-ամյակը: Թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը վստահեցնում է, որ այն ավանդույթները, որոնք ունեցել է թատրոնը ստեղծման դժվարին տարիներին, պահպանվում են: «Մենք ունենք լավ կոլեկտիվ, հանդիսատես: Մեր կողքին է պետությունը, առանց որի անհնարին է պահել թատրոնի հսկայական շենքն ու մոտ 245 աշխատակիցներին»,-ասաց Շահբազյանը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակին նվիրված տոնակատարությանը ներկա էին նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք հղեց հոբելյանի առթիվ: «Այս թատրոնի յուրահատուկ և մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը: Ասում են ծիծաղելով՝ մարդկությունն ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին: Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների և կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու: Իհարկե, մեր իրականության մեջ, և ոչ միայն այսօրվա, բազմաթիվ են ձեռբերումները՝ մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց, իրոք, կան հոռի երևույթներ, որոնց մենք վաղուց արդեն պետք է հրաժեշտ տայինք»,-ասաց Նախագահը:
Նախագահը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևատրեց պետական պարգևներով` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: