«Արցախ. թաքնված գանձ». Բրյուսելում կազմակերպված ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել
КультураՀայ դատի Եվրոպայի հանձնախմբի (EAFJD) նախաձեռնությամբ Բրյուսելում նոյեմբերի 17-ին բացվել է բացառիկ ցուցահանդես «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ցուցահանդեսի կազմակերպման գործում հանձնախմբին զգալիորեն աջակցել են Արցախի իշխանությունները:
Մինչև նոյեմբերի 19-ը գործող ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Արցախի հիասքանչ ներուժը` որպես զբոսաշրջային ուղղություն, գրավել ներդրողների և զբոսաշրջիկների:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին շուրջ 200 հյուրեր, այդ թվում և Բելգիայի դաշնային, տարածաշրջանային և ֆլամանդական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև գիտության և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի բարեկամության խմբի նախագահներ Էլենի Տեոխարիուսը և Ֆրանկ Էնգելը, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը, տեսաուղերձ էին հղել, որում իրենց աջակցությունն էին հայտնել Արցախի ժողովրդին:
Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրութը շեշտել է, որ «Արցախը պարզապես թաքնված գանձ չէ, այն առաջին հերթին գանձ է, որը սիրում են»: Նա խոսել է ապակառուցողական սպառնալիքների մասին, որ ստացել են բելգիացի խորհրդարանականները` ցուցահանդեսին չմասնակցելու պահանջով:
«Չնայած Ադրբեջանի իշխանությունների հիստերիային, բոյկոտելու կոչերին և սպառնալիքներին, ցուցահանդեսը հաջողությամբ կազմակերպվեց` մեծ հետաքրքրություն առաջացնելով և բարձր հաճախելիություն ապահովելով: Սա ևս մեկ ապացույցն է նրա, որ Ադրբեջանի` եվրոպացի պաշտոնյաներին, հասարակ քաղաքացիներին սպառնացող և թելադրող քաղաքականությունը ձախողվել է»,- ընդգծել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավացիորեն ընտրել է ինքնորոշման ճանապարհը, հիմնել է ֆունկցիոնալ, բարգավաճող պետություն, որը հիմնված է համընդհանուր մարդկային արժեքների վրա: «Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը մշտապես աջակցելու է Արցախի ժողովրդին` իր արդար պահանջում»,- եզրափակել է նա: