«Օրորներ» կրթական ծրագիրը կնպաստի ավանդական օրորոցայինների տարածմանը
Общество«Օրորներ» կրթական ծրագիրը կնպաստի հայկական ավանդական օրորոցայինների տարածմանը: Ծրագրի հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Կրթական ծրագրի շրջանակում ներկայացնում ենք օրորների ավանդույթը, արժեքը: Երգացանկում ընդգրկում ենք օրորներ տարբեր գավառներից, ինչպես նաև տարբեր բանահա վաքների գործեր: Կարդում ենք բանստեղծական տեքստեր, եթե լինում են անհասկանալի բարբառային բառեր, բացատրում ենք դրանք, խմբային երգեցողություն անցկացնում»,- նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի վարիչ Նաիրի Խաչատրյանը:
Ծրագրի մասնակից Հասմիկ Զաքարյանի խոքսով՝ սա հիանալի նախագիծ է, որի միջոցով ապագա և ներկա մայրիկներին օրորոցային երգեր են սովորում: «Քանի որ ինքս նման ծրագիր ստեղծելու նպատակ ունեմ, սիրով մասնակցում եմ այս հանդիպումներին, որպեսզի հետագայում կարողանամ ինքս գեղեցիկ մատուցել երգերը»,-ասաց Հասմիկը:
«Հաճախ եմ գալիս այստեղ, քանի որ կոմիտասյան հրաշք երաժշտությունը լսելու հնարավորություն կա: Կոմիտասի երգերը կատարելով՝ մենք ապրեցնում ենք նրան: Նրա երաժշտոթյունն ասես մաքրագործում է. դրանում չկա ձևականություն:
Ապագա բալիկներիս համար կնոջս հետ միասին հայկական մաքուր օրորոցայիններ կերգեմ, որպեսզի երեխան դաստիարակվի ավանդական երաժշտության ներքո»,-ասաց հանդիպումների ակտիվ մասնակից Գոռ Տեր-Արիստակեսյանը:
«Օրորներ» կրթական ծրագրի նպատակն է առօրյա կենցաղ վերադարձնել և տարածել հայկական ավանդական օրորները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, նրա ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, նրան ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակցելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Օրորներ» կրթական ծրագիրն ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում: Այն իրականացվում է 2015 թվականից: