Վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցումը չի կարող մեր տնտեսության վրա խթանող ազդեցություն ունենալ. տնտեսագետ
ЭкономикаՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.5%: Տեսականորեն, որպես ԿԲ-ի կողմից կիրառվող գործիք, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի դիտարկմամբ, նպատակ ունի վարկային միջոցները ավելի հասանելի, ավելի էժան դարձնել, սակայն սա կայացած շուկայական տնտեսության պայմաններում աշխատող գործիքներից է: Հայաստանի պարագայում տնտեսագետը չի կարծում, թե էական նշանակություն կունենա տնտեսության վարկավորման և աշխուժացման վրա՝ մի քանի կարևոր, հիմնարար պատճառներով: Նախ՝ բանկերը, այնուամենայնիվ, խուսափում են վարկավորումից, որովհետև դա շատ ռիսկային է այս պայմաններում, և երկրորդ՝ այդ վարկերը տնտեսությունում ներդրվելու տեղ չունեն: Այսինքն՝ արդարացված ներդրումների համար պայմաններ չկան: Այս պատճառները հաշվի առնելով՝ տնտեսագետը չի կարծում, թե տնտեսության վրա դա կունենա խթանող ազդեցություն:
Ըստ ԿԲ-ի՝ 2016 թվականի հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%: Սա, ըստ տնտեսագետի, վկայում է այն մասին, որ գնաճ չի եղել, հակառակն է եղել՝ ոչ թե ինֆլյացիա, այլ դեֆլյացիա է եղել: Եթե ցուցանիշը ցածր է, դրա հիմնական պատճառներից կարող է լինել այն, որ բնակչության գնողունակությունը բավականաչափ անկում է ապրել՝ պայմանավորված սպառման մակարդակի անկմամբ:
«Տարվա ընթացքում զամբյուղի վրա ազդող որևէ ապրանքի գծով էական գնաճ չի եղել, նախորդ տարիներին կարող էր լինել էլեկտրաէներգիան, գազը, որն ունենում էր իր ազդեցությունը, այս անգամ այսպիսի գնաճ չի եղել»,- հավելեց Աշոտ Եղիազարյանը:
Ըստ ԿԲ-ի՝շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին: Տնտեսագետը համարում է, որ հնարավոր է՝ այս գործիքակազմի կիրառումը որոշակի ազդեցություն ունենա, բայց հիմա վաղ է կանխատեսել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հիմնական նպատակը չի աշխատում, մեր տնտեսության համար ստեղծված պայմաններում էական ազդեցություն չի ունենալու:
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն սա կունենա բյուջեի դեֆիցիտի վրա, տնտեսագետը նշեց, որ փողն են էժանացնում նպաստավոր պայմաններ ստղծելու համար. «Բնականաբար, դեֆիցիտը առնչվում է ներքին, գանձապետական պարտատոմսերի ձեռք բերմանը, այսինքն՝ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների գանձապետական պարտատոմսերը, ըստ էության, եկամտաբերությունն են փոքրացնում: Դա նշանակում է, որ սոցսպասարկման համար, այնուամենայնիվ, բարենպաստ պայմաններ, այսինքն՝ այս իմաստով՝ ցածր տոկոսադրույքի իմաստով, սպասարկումը ավելի թեթև կլինի»: