Առողջապահության նախարարությունը հետևողականորեն ապահովելու է առաջնային օղակում բարեփոխումները
ОбществоՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերին։
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները 25 տարի եղել են գործընկերներ՝ հետամուտ լինելով Հայաստանի ժողովրդի առողջությունն ուbբարօրությունը բարելավելու ընդհանուր նպատակին:
Մենք պատրաստ ենք աջակցելու նախարարությանն առաջիկա բարեփոխումների իրականացման գործում: Հավատացած եմ, որ այդ բարեփոխումների արդյունքում կձևավորվի կայուն ու հաջողված համակարգ, որը կկարողանա ապավինել իր սեփական ուժերին»,- ասել է դեսպանը` շեշտելով, որ բուժծառայությունների հասանելիությունը խնդիր է, որին Միացյալ Նահանգները նույնպես բախվում է:
Բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ համագործակցության մեծ փորձը` Լևոն Ալթունյանը շեշտել է, որ նախարարությունը հետևողական կլինի առաջնային օղակում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, սոցիալապես անապահով խմբերին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու գործում։ Նա միաժամանակ հյուրերի հետ քննարկել է առանձին ուղղություններով համագործակցության, մասնավորապես` առողջապահության կառավարման և մասնագիտական բժշկական ասոցիացիաների փորձը ներդնելու, և այլ հարցեր։
Քննարկվել են նաև ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը։
«Առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերացումը պետք է լինի պատճառների վերացման միջոցով։ Այդ ուղղությամբ նախարարությունը համապատասխան առաջարկ է պատրաստվում ներկայացնել կառավարություն»,- ասել է Լևոն Ալթունյանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ մի շարք ծրագրերի, որոնց ֆինանսավորման 1-2 տարի հետո նախատեսվող ավարտը պայմանավորված է Հայաստանում առողջապահական ցուցանիշների բարելավմամբ։
Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացումն ու ընդլայնումը։