Հայկական համայնքներում հայապահպանության օրակարգային խնդիր է խառնամուսնությունը
ОбществоՏարբեր երկրների հայկական համայնքներում հայապահպանության օրակարգային խնդիր է խառնամուսնությունը:
Այս մասին նշեց Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
«Սիրիան այսօր թեժ կետ է հայ համայնքի կենսապահպանության իմաստով, բայց այսօր ունենք հայության առաջ կանգնած անտեսանելի մարտահրավեր, որը պահանջում է լուրջ միջամտություն: Խոսքը խառնամուսնությունների մասին է: Այսօր հայկական համայնքներում խառնամուսնությունները զգալի տոկոս են կազմում, նույնիսկ այն դեպքում, երբ կան կրոնական տարբերություններ: Այդպիսի ամուսնությունները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, նրանց սերունդը հայեցի դաստիարակելու իմաստով»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:
Փոխնախարարը նշեց, որ հայապահպանության խնդիր կա հետխորհրդային երկրներում: ՌԴ-ում բնակվում են մեծ թվով հայեր` ցրված տարբեր քաղաքներում: Ռուսաստանի ամենափոքր համայնքում ապրում է 5 հազար հայ, իսկ ամենամեծում` 200 հազար: Սերժ Սրապիոնյանը նշեց, որ նրանք ամենավտանգվածն են, որովհետև ձուլման գործընթացն ավելի արագ է տեղի ունենում, քան սպասվում էր: Դա կապված է մի շարք գործոնների հետ, մասնավորապես, լեզվի մատչելիությունը, երկար տարիներ մեկ պետականության մեջ ապրելը և այլն:
«Տարբեր երկրներում ապրող երկրորդ սերունդը հեռացած է արմատներից, երրորդ սերունդը խոսում է հայկական ծագման մասին, չորրորդ սերունդն արդեն դժվար է հիշում իր հայկական ծագման մասին: Այս ուղղությամբ աշխատանք պետք է տարվի, որով էլ զբաղվում է Սփյուռքի նախարարությունը: Սփյուռքում գործում է հայապահպանությանը նպաստող 104 հայագիտական կենտրոն»,-ավելացրեց Սերժ Սրապիոնյանը:
Սերժ Սրապիոնյանը կարևորեց նաև լեզվի պահպանության հարցը, հատկապես, արևմտահայերենի, որը համարվում է վտանգված: Նա փոխանցեց, որ քննարկվում է մեր դպրոցներում արևմտահայերենը ուսուցման առարկա դարձնելու հարցը: