Դենիս Մանտուրովը ներկայացրեց Հայաստանում ունեցած բարձր մակարդակով հանդիպումների արդյունքները
ЭкономикаՌուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է երկկողմ և բազմակողմ համագործակցության հետ կապված հարցեր: ՀՀ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մանտուրովն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում հիմնականում խոսվել է այն մասին, որ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է խորացնե ն բազմակողմ համագործակցությունը արդյունաբերության և տնտեսության բոլոր ոլորտներում:
«Մենք պետք է օգտագործենք միության անդամ բոլոր երկրների ներուժը, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն իրենց արտադրանքը իրացնել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում, այլ նաև միության սահմաններից դուրս»,- նշեց նախարարը:
Նա հավելեց, որ Երևանում «Անտիկոնտրաֆակտ 2016» համաժողովի շրջանակներում իրենք հայ, բելառուս և ղազախ գործարարներին ներկայացրել են այն արտադրական հնարավորությունները, որ ընձեռում է Եգիպտոսը ԵԱՏՄ անդամ երկրներին:
«Մասնավորապես, Եգիպտոսը Պորտ Սաիդում արդյունաբերական գոտի է ստեղծել, որտեղ մեզ առաջարկում է հիմնել սեփական արտադրությունը:
Ռուսաստանից արդեն կան ցանկացողներ, հիմա մենք նաև մեր հայ, բելառուս և ղազախ գործընկերներին ենք հրավիրում այդտեղ իրենց արտադրանքը հիմնել»,- ասաց նախարարը:
Մանտուրովը նաև ընդգծեց, որ իրենք կարևորում են գյուղատնտեսական մեքենաների արտադրությունը՝ ընդգծելով, որ հայ գործընկերների հետ արդեն պայմանավորվածություն ունեն ստեղծել համատեղ մեքենատեխնիկական կայաններ՝ դրա մեջ ներառելով Ռուսաստանի և Բելառուսի գյուղատնտեսական մեքենաշինությամբ զբաղվող բոլոր ձեռնարկությունները:
«Մենք պայմանավորվել ենք նման պիլոտային ծրագիր իրականացնել, որում մասնակցություն կունենա նաև Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը: Մենք կօգտագործենք նաև Ռուսաստանի և Բելառուսի ողջ ներուժը, որը կա գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում, որպեսզի այս ծրագիրը տնտեսապես շահավետ դարձնենք»,- նշեց Դենիս Մանտուրովը:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը նաև Հայաստանի արտադրական ներուժն օգտագործելու անհրաժեշտություն է տեսնում: Նա նշեց, որ դեռևս Խորհրդային ժամանակներից հայկական կոպերատիվ ձեռնարկությունները միշտ լուրջ մրցակիցներ են եղել ռուսական ձեռնարկությունների համար:
Նա հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: