Խաչատրյանի փառատոնը համերգային երեկո կնվիրի պատանի ունկնդրին
КультураԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 1-ին Սարյանի անվան լարային քառյակը Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կներկայացնի ուսուցողական երաժշտական ծրագիր պատանիների համար։
Սարյանի անվան լարային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է: Անսամբլի կազմում հանդես են գալիս նվագախմբի ջութակահարներ Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Անի Ադիկյանը (2-րդ ջութակ), ալտահար Ելենա Հայրապետյանը և թավջութակահար Էլյա Բալասանյանը:
Էրիկ Մանուկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա համերգին քառյակը ներկայացնելու է երեխաներին հասանելի երաժշտություն։ «Քառյակի երաժիշտները պատանի հանդիսատեսին հանրամատչելի ձևով կպատմեն նաև ստեղծագործությունների, դրանց հեղինակների, երաժշտական գործիքների մասին՝ այդպիսով հետաքրքրություն առաջացնելով դասական երաժշտության նկատմամբ»,-ասաց նա։
Նրա տեղեկացմամբ, համերգային ծրագրում ներառված են երաժշտական հատվածներ հայտնի մուլտֆիլմերից։ Կատարվելու են նաև Կոմիտասի ստեղծագործություններից։ Էրիկ Մանուկյանն ընդգծեց, որ դասական երաժշտության հետ ծանոթությունը պետք է սկսվի մանուկ հասակից, երեխաներին պետք է մատուցել որակյալ երաժշտություն, և այդ ամենն այնպես արվի, որ հետաքրքիր ու գրավիչ լինի։
Դեկտեմբերի 1-ին ներկայացվելիք շատ ստեղծագործություններ լարային քառյակի կազմով կատարվելու են առաջին անգամ, օրինակ, իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» ստեղծագործության հիման վրա նկարահանված «Չիպոլինո» մուլտֆիլմի երաժշտությունը։ Այլ մանրամասներ Էրիկ Մանուկյանը չներկայացրեց համերգից՝ նշելով, որ ցանկանում են պատանի ունկնդրին անակնկալներ մատուցել։
Ի դեպ, համերգի հատուկ հյուրն է լինելու տերմենվոքսահար Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը։
Այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։