Աբրահամյանի ելք ու մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ
АналитикаՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և հեռանալու է Հայաստանից ՝ մարտ ամսին վերադառնալու պայմանով։ Անշուշտ, հայաստանյան լրատվական դաշտն իրեն հատուկ մակերեսայնությամբ հատուկ ուշադրություն դարձրեց ոչ թե Աբրահամյանի հայտարարության քաղաքական կողմին ու ենթատեքստերին, այլ վերջինիս այն զավեշտալի արտահայտությանը, թե ինքն ամուսնացել է ռուս աղջկա հետ՝ ռուսերեն սովորելու համար։ Աբրահամյանի ամուսնության մոտիվացիաներն ըստ էության մեզ չեն հետաքրքրում, առավել ևս այն պայմաններում, որ նա այդպես էլ ռուսերեն չսովորեց, չնայած մինչ ռուսերենը գուցե պետք էր մի քիչ հայերեն սովորել։ Սակայն դա բոլորվին էական նշանակության հարց չէ։
Առավել հետաքրքիր էր Արա Աբրահամյանի քաղաքականությունից հեռանալը։
Ըստ էության շուրջ մեկ տարի առաջ Արա Աբրահամյանը հայտարարեց կուսակցություն «բացելու» և ակտիվ քաղաքականություն մտնելու մասին։ Սակայն, ինչպես տեսանք, այս ընթացքում այդ կուսակցությունն այդպես էլ «չբացվեց», իսկ Աբրահամյանը հեռացավ քաղաքականությունից՝ այդպես էլ չմտնելով այնտեղ։
Այս դրվագը դասագրքային օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է հեռանալ քաղաքականությունից՝ այնտեղ չլինելով։ Սակայն մյուս կողմից, Արա Աբրահամյանի՝ քաղաքականությունից հեռանալը այնքան էլ միանշանակ չէ, քանի որ նա հայտարարել է, որ վերադառնալու է Հայաստան 2017 թվականի մարտին, այսինք նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ շրջանում։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ Աբրահամյանի գործոնի անհրաժեշտությունը կա։ Այստեղ իհարկե, պետք է շեշտել, որ խոսքը քաղաքական անհրաժեշտության մասին չէ, այլ զուտ այն ռեսուրսների, որոնց տիրապետում է Արա Աբրահամյանը։
Եվ այստեղ բնավ էլ դժվար չէ հասկանալ, որ այդ ռեսուրսները բնականաբար ծառայելու են իշխանությանը կամ Հանրապետական կուսակցությանը։ Այլ հարց է, թե Աբրահամյանի ռեսուրսներն ուղղակի թե անուղղակի կերպով են ծառայելու իշխանությանը, քանի որ չի բացառվում, որ Արա Աբրահամյանն այսպես ասած օգտագործվի Արթուր Բաղդասարյանի և վերջինիս «Հայկական վերածնունդի» միջոցով, քանի որ շարունակաբար տարբեր աղբյուրներից լուրեր են տարածվում Բաղդասարյան-Աբրահամյան մտերմության և նույնիսկ քավոր-սանիկության մասին։
Ի դեպ նման զարգացման պարագայում կարող ենք փաստել, որ հայաստանյան քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ մեծ փոփոխություններ չեն կատարվել և իշխանությունը շարունակում է կրկնաօգտագործել բազմիցս կիրառված օեկ-ական տրյուկը։ Սակայն հնարավոր է, որ նման այլևայլությունների կարիք ընդհանրապես չզգացվի և Արա Աբրահամյանն ուղղակիորեն բերի իր ծառայությունները իշխանությանը՝ առանց միջնոդների։ Ինչևէ, ամեն դեպքում, այս կծիկի հանգուցալուծմանը շատ կարճ ժամանակ է մնացել։
Pressmedia.am վերլուծաբան