Աբրահամյան - Կարապետյան տրանսֆեր. տնտեսական ակտիվության դինամիկան
ЭкономикаՏնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 0.4%։ Ընդ որում, գահավիժումը թափ է առել վերջին ամիսներին` կառավարության փոփոխությանը զուգընթաց: Ու թեև նոր կառավարությունը աշխատում է քարոզչական աննախադեպ աջակցության պայմաններում` տնտեսությունը շարունակում է գահավիժել:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 100.4 է, այն դեպքում, երբ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%:
Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4%-ով։ 2016թ․ հոկտեմբերին՝ 2015թ․ հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով, իսկ 2016թ․ սեպտեմբերի համեմատ՝ 18.7%-ով։
Սա այն դեպքում, երբ անգամ Ապրիլյան պատերազմի և Սասնա ծռեր խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո տնտեսությունը այսպիսի շոկ չապրեց: Որովհետև նախորդ կառավարությունը չփակեց տնտեսության փականներն ու նույնիսկ պատերազմական լարված օրերին զերծ մնաց կտրուկ քայլերից և չգնաց ծախսերի կրճատման ճանապարհով, ինչը նման դեպքերում չափազանց կարևոր է:
Իսկ ներկայիս իրավիճակում տնտեսական ակտիվությանը վերջին, կործանիչ հարված հասցրեց տարաբնույթ հիմնարկների ու այլ կառույցների փակումը: Գործարար Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում, դիմելով կառավարությանը, կոչ է արել չփակել ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները` թեկուզ անպիտան ու ծույլ, ծախսատար: ''էս վիճակում դա չի կարելի անել: Մի լսեք կիսագրագետ բոլշևիկներին: Ավտո ծախեք, կահույք խուրդեք, տո կարաք տուն ուղարկեք սաղին ու տարածքն էլ արենդով տվեք, բայց դեռ գործից մի հանեք: Մինչև տարվա վերջ ՀՆԱ-ն ևս մեկ տոկոս ոնց էլ լինի իջնելու ա, նույնիսկ, եթե բանկերը իրոք սկսեն համալրել կապիտալը (ԵԹԵ!!): Մի քանի ամիս մի հանեք մարդկանց գործից մինչև ջոկենք/ջոկեք, ինչ ենք անում: Տնտեսությունը կրճատվում ա, ուրեմն պետությունը պիտի փող ծախսի՝ սա առաջին դասն է, առաջին կուրսի առաջին դասը'',- իր ֆեյսբուքյան էջում շեշտել է գործարարը:
Այս պայմաններում ցանկացած թերի հաշվարկած քայլ կարող է կործանիչ հարված լինել տնտեսությանը: Եթե, իհարկե, նոր կառավարիչները ի զորու են շարժվել օբյեկտիվ իրողությունների պայմաններում:
Որովհետև քարոզն այլ բան է, տնտեսությունը ղեկավարելը` բոլորովին այլ...
Իսկ քարոզչության փուչիկը, թերևս, մինչև դեկտեմբեր հազիվ ''ձգի''...
Տիգրան Բարսեղյան