Այսօր մահացած զինծառայողը վիրավորվել է զորացրվելու նախորդ օրը. նա ապրիլյան պատերազմի մասնակից է եղել (Ֆոտո)
ОбществоNews.am-ը գրում է.
ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր առավոտյան մահացած 20-ամյա Նարեկ Ասատրյանը գլխի շրջանում վիրավորումը ստացել է զորացրվելու նախորդ օրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Վլադիկ Ասատրյանը: Նա նշեց, որ Նարեկը մահացու վիրավորումն ստացել է հուլիսի 16-ին խրամատում ականի պայթյունի հետեւանքով եւ անգիտակից վիճակում միանգամից տեղափոխվել հոպիտալ: Նարեկ Ասատրյանը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, ծառայել է Մատաղիսում:
Նա Կոտայքի մարզի Կարենիս գյուղից է՝ ընտանիքի միակ զավակը. «Ինքն էր մեզ պահողը, ինքն էլ զոհվեց: Հույսով սպասում էինք, որ կառողջանա»:
Վլադիկ Ասատրյանը նշեց, որ այս ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարությունն իրենց տրամարդել է ընդամենը 100 հազար դրամ, որպեսզի ծնողները Կարենիսից Երեւան գան իրենց որդուն տեսակցելու. «Առաջարկել եմ, որ տանենք դրսում բուժենք, ասել են՝ տեղաշարժել չի կարելի, կմահանա»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է 6 ամիս առաջ վիրավորված զինծառայողը: