«Մոլինարի» լարային քառյակի համերգներին կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
КультураՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ կանադական «Մոլինարի» լարային քառյակը նոյեմբերի 29-30-ը Հայաստանում հանդես կգա համերգային ծրագրով: Առաջին համերգն անցկացվեց նոյեմբերի 29-ին`«Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Մինչ ելույթը սկսելը, լրագրողները հնարավորություն ունեցան զրուցելու երաժիշտների և մշակույթի նախարարության ներկայացուցչի հետ:
«Միացանք այս նախագծին, քանի որ նմանատիպ քառյակ Հայաստանում չի հյուրընկալվել: Լարային քառյակն անդրադառնում է նաև հայ երաժիշտների ստեղծագործություններին: Այս համերգին նրանք կկատարեն կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի երկու գործ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը:
«Եղեռնի 100-րդ տարելիցին «Մոլինարի» լարային քառյակը Մոնրեալում ներկայացրեց հայ չորս երգահանների գործեր և օտարներին ծանոթացրեց հայկական հարուստ մշակույթին: Այդ տարի սկսել էի գրել իմ քառյակները, որոնք նվիրել եմ Նորավանքի հրաշքին: Դրանք հիմնված եմ մեր շարականների վրա: Քառյակը ձայնագրեց այդ ստեղծագործությունները և մեծ հաջողություն ունեցավ:Այնուհետև որոշեցինք գալ Հայաստան և այստեղ կատարել դրանք»,-ասաց կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը:
Ջութակահար Օլգա Ռանզենհոֆերն ընդգծեց, որ իրենք քսան տարվա խումբ են և կատարում են 20-21-րդ դարերի ժամանակակիցների ստեղծագործություններ: «Ներկայացնում ենք նաև կանադական կոմպոզիտորների գործեր, որոնք երբեմն հատուկ մեզ համար են գրում: Պետրոսի հետ վաղուց ենք համագործակցում և ամեն ինչ հաջող է ընթանում»,-շեշտեց ջութակահարը:
Ալտահար Ֆրեդերիկ Լամբերն ասաց, որ շատ է կարևորում Պետրոս Շուժունյանի հետ համագործակցությունը, քանի որ իրականացրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգային ծրագիրը, որը նպաստել է նաև հայ մշակույթի ճանաչմանը:
Համերգների ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործությունները:
«Մոլինարի» լարային քառյակը կազմավորվել է 1997 թվականին: Ստեղծման օրից խումբը ստանձնել է 20-րդ, 21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը: Բազմաթիվ մրցանակների արժանացած լարային քառյակի կազմում են` ջութակահարներ Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը: